տուն Քաղաքական Վերլուծական Տեր-Պետրոսյանի մատնագիրը Պուտինին. lragir.am

Տեր-Պետրոսյանի մատնագիրը Պուտինին. lragir.am

154
0

arm142528364666

Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի հանրահավաքում հայտարարեց, թե Հայաստանում ձեւավորվում է նոր ընդդիմություն, որն իր «կրծքի տակ Պուտինի հրաժարականն է պահում»: Տեր-Պետրոսյանն իհարկե լավ գիտե, որ նոր ընդդիմություն հանդիսացող կամ առնվազն հայտ ներկայացրած ուժերից ոչ բոլորն է, որ «Պուտինի հրաժարական են պահում իրենց կրծքի տակ»:

 

Բայց նրա համար իհարկե խնդիրն ամենեւին դա չէ: Նրա համար խնդիրն այդ ուժերի վրա Պուտինի «նշանառություն» բեվեռելն է, այդ ուժերը Ռուսաստանի թիրախ դարձնելը: Այլ կերպ ասած, Տեր-Պետրոսյանը ինչպես Սերժ Սարգսյանին, այդպես մի նամակ էլ Պուտինին էր գրում՝ պարզապես հանրահավաքի հարթակից: Ավելի շուտ ոչ թե նամակ, այլ «մատնագիր»՝ թե ով է Հայաստանում նոր ընդդիմությունը:

 

Ընդ որում, Տեր-Պետրոսյանի ակնարկած ուժերի մեջ կան այդպիսիք, որոնց համար Ռուսաստանին չբարկացնելն իսկապես խնդիր է: Միշտ չէ, որ դա արտահայտվում է Ռուսաստանի հանդեպ հաճոյախոսությամբ կամ լոյալությամբ: Երբեմն կիրառվում է նաեւ այլ, այսպես ասած «շրջանցիկ» տարբերակ: Քաղաքական ուժեր կան, որոնք հասկանում են, թե որքան աբսուրդ եւ անհեթեթ վիճակում է հայտնվում որեւէ ուժ, երբ սկսում է պաշտպանել ռուսական նախագծերը: Հաշվի առնելով, որ դրանք ակնհայտորեն հակասում են Հայաստանի պետական շահին ու անվտանգությանը, դրանք պաշտպանելը, դրանց մասին դրական արտահայտվելը պարզապես նշանակում է հակասել Հայաստանի շահին: Առավել եւս, եթե կա արդեն իսկ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ ոչիշխանական ամբողջ բեւեռի անփառունակ օրինակը:

 

Այդ ամենը գիտակցելով հանդերձ, քաղաքական մի շարք ուժեր փորձում են անցնել «շրջանցիկ» ճանապարհով եւ Ռուսաստանին չբարկացնել՝ մերժելով թե ռուսական նախագծերին ինտեգրացիան եւ կապիտուլյացիան, թե հավասարապես կապիտուլյացիա համարելով եւ մերժելով քաղաքական գործընկերության արեւմտյան կամ եվրատլանտյան առաջարկներն ու հեռանկարները: Այլ կերպ ասած, հավասարապես մերժելով թե Ռուսաստանը, թե Արեւմուտքը եւ ակնկալելով, որ այդպիսով Ռուսաստանն իրենց գործունեության հանդեպ կլինի լոյալ:

 

Իսկ կան նույնիսկ ուժեր, որոնք անմիջականորեն հենց ռուսական պատվերով են առաջ մղում «հավասարապես մերժման»՝ ոչ-ոչ-ի գաղափարը:

 

Բանն այն է, որ այդ գաղափարը առկա ստատուս-քվոն պահելու գաղափար է, պարզապես մի փոքր խոտոր ձեւակերպումով: Առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ այդ գաղափարը հռչակող ուժերն իրենց քաղաքական օրակարգում անմիջականորեն չեն դրել Հայաստանը թե Եվրասիական միությունից, եւ թե ամենակարեւորը՝ ՀԱՊԿ-ից դուրս բերելու պահանջ:

 

Եթե հավասարապես մերժվում են Ռուսաստանն ու Արեւմուտքը՝ իրենց ինտեգրացիոն նախագծերով, ապա պետք է մերժվեն բոլոր այն նախագծերը, որոնց Հայաստանն արդեն իսկ անդամակցում է: Եթե չկա այդպիսի պահանջ, կամ ծրագրային նախանշում այդ պահանջի, ապա կնշանակի, որ մերժումն այդուամենայնիվ այդքան էլ հավասարապես չէ, այսինքն այդ գաղափարն առաջ տանող ուժերի համար Ռուսաստանն այդուհանդերձ հավասարների մեջ ավելի հավասար է:

 

Իհարկե, առավել ռացիոնալը ոչ թե մերժելն է, այլ հասարակության առաջ ինտեգրացիոն նախագծերի շուրջ բանավեճ ծավալելը: Աշխարհքաղաքական բարդագույն տարածաշրջանում գտնվող Հայաստանը, որտեղ ընթանում է ազդեցության դաժան պայքար, չի կարող իրեն թույլ տալ ասպես ասած չեզոքության քաղաքականություն, ապրիորի մերժելով որեւէ ինտեգրացիոն նախագիծ: Հայաստանն օբյեկտիվորեն չունի չեզոքության որեւէ ռեսուրս:

 

Հետեւաբար, պետք է ոչ թե հանդես գալ հենց սկզբից մերժման կեցվածքով, այլ որեւէ նախագծի եւ առաջարկի խոր ուսումնասիրությամբ, հանրային բաց բանավեճով, փորձելով հասկանալ, թե որ առաջարկն ինչ է ներկայացնում Հայաստանի համար՝ ներկայիս եւ հեռանկարի առումով, որտեղ է Հայաստանի շահը, որտեղ է անվտանգությունը եւ ըստ այդմ որոշել, թե Հայաստանն ինչպես պետք է արձագանքի ինտեգրացիոն նախագծերին կամ այլ աշխարհքաղաքական եւ տնտեսական առաջարկներին ու ծրագրերին:

 

Իսկ ներկայում, նկատի ունենալով այն ակնհայտ հակահայկական եւ վտանգավոր ծրագրերը, որոնք Հայաստանի շահը, անվտանգությունն ու արժանապատվությունը ոտնահարելով առաջ է մղում Ռուսաստանը, Հայաստանի համար նվազագույնը կենսական անհրաժեշտություն է քայլեր կատարել տնտեսական, անվտանգության հարցերում հարաբերությունը հնարավորինս արագ դիվերսիֆիկացնելու՝ աշխարհում առաջատար եվրատլանտյան բեվեռի հետ հարաբերությունը սերտացնելու խնդիրը:

 

Միայն դրա շնորհիվ Հայաստանը կարող է հակակշռել ռուս-թուրքական խորացող դաշինքի վտանգները եւ Ռուսաստանին ստիպել, որպեսզի Հայաստանը դիտարկվի ոչ թե վասալ, այլ քաղաքական գործընկեր: Ռուսաստանը Հայաստանի համար ստրկատիրոջից քաղաքական գործընկեր դարձնելու միակ ճանապարհը Եվրատլանտյան հանրության հետ գործընկերային հարաբերության խորացումն է: Դա ներկայի համար:

 

Խնդիրն ունի նաեւ ապագայի կողմ, եւ այստեղ կարծես թե ոչ միայն կարեւոր է բանավեճն այդ ասպեկտով, այլ փաստացի բանավեճի խնդիր էլ չկա, քանի որ Հայաստանի համար անգնահատելի պետք է լինի պետականաշինության եւ զարգացման այն փորձը, որ հաջողությամբ կիրառվել եւ աշխարհում բոլոր առումներով անվիճելիորեն առաջատար դիրքեր է բերել Եվրատլանտյան հանրությանը:

 

«Պուտինի հրաժարականը կրծքի տակ» ունենալ պահանջում է Հայաստանի Հանրապետության շահն ու անվտանգությունը, խոհեմությունն ու ողջախոհությունը, նաեւ գրագիտությունը պետք է թերեւս բավարար լինի հասկանալու համար, որ խոսքն ուղղակի տեքստով հրաժարականի մասին չէ, այլ պարզապես Հայաստանի վրա Ռուսաստանի գերազդեցությունը չեզոքացնելու, նաեւ Հայաստանի զարգացման ռուսական արգելակներից ձերբազատվելու մասին: Վերջապես, ինչպես է հնարավոր Հայաստանում իշխանության խնդիր լուծել, չբարձրացնելով այդ իշխանությունը ձեւավորելու Ռուսաստանի գերակա իրավունքը մերժելու հարցը:

Մանրամասներն՝ այստեղ: