Հայաստանում արձանագրվել է ծխախոտի գնի թանկացում: Սպառողական շուկայում վերջին երկու օրերին նկատելի է դարձել, որ առանձին ծխախոտի գներ թանկացել են 10-ից 30 դրամով: Մասնավորապես օրինակ West տեսակի ծխախոտը երկու օր առաջ կարելի էր գնել 320 դրամով, իսկ երեկ արդեն այն վաճառվում էր 330 դրամով: Araratnews.am-ի հետ զրույցում սուպերմարկետներից մեկի աշխատակիցը հայտնեց, որ ծխախոտի գների բարձրացումը լինելու է բոլորի դեպքում: «Հիմա դեռ կան ծխախոտներ, որ գները չեն բարձրացել, բայց նոր ապրանքն արդեն ասել են, որ թանկ գնով ենք ստանալու: Պատճառների մասին չգիտենք»,- հայտեցին սուպերմարկետից:
Հայաստանում վերջին օրերին հաճախ էին խոսում ծխախոտի գնաճի մասին: ՀՀ Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը օրերս հայտարարել էր, թե ծխելու դեմ պայքարի մեխանիզմներ են մշակում: Դրանցից մեկը ըստ նախարարի այն էր, որ նախատեսվում է մշակել օրենսդրական նախագիծ, համաձայն որի Հայաստանում հասարակական վայրերում կարգելվի ծխելը: Նա նաեւ ասել էր, որ ծխախոտի դեմ պայքարում գների թանկացումն ամբողջ աշխարհում ընդունված ամենաազդեցիկ գործիքն է:
Ալթունյանը ծխողներին նաեւ անհաջողակ էր անվանել, մոռանալով, որ իր անմիջական ղեկավարը, ինչպես նաեւ իշխանական էլիտայի բազմաթիվ ներկայացուցիչներ ծխում են, եւ բնավ էլ անհաջողակ չեն: Օրեր անց Ալթունյանը հայտարարեց, թե չի հայտարարել, որ ծխող մարդիկ անհաջողակ են: Ինչ վերաբերում է ամբողջ աշխարհում ընդունված ամենաազդեցիկ գործիքին վկայակոչելուն, ապա Ալթունյանին չէր խանգարի նաեւ տեղեկանալ, որ դժվար թե զարգացած, բարձր վարձատրվող երկրների փորձը կարելի է կիրառել նաեւ Հայաստանում:
Ի դեպ հարցված քաղաքացիներից շատերը հայտնեցին, որ ծխախոտի գների բարձրացումը չի նպաստի, որպեսզի իրենք այլեւս չծխեն:
Փայլակ Ֆահրադյան
Լուսանկարը՝ արխիվային