Հունիսի մեկը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Հայաստանում եւ տարբեր երկրներում միջոցառումներ են կազմակերպվում երեխաների համար: Տոնական տրամադրությունը, իհարկե, կարևոր է, սակայն երեխաների իրավունքներն ու նրանց առնչվող խնդիրները եւս չենք կարող անտեսել:
Araratnews.am-ը մի քանի ծնողի հետ զրուցեց՝ նրանցից լսելու, թե ինչ խնդիրներ ունեն երեխաները: Լիլիթ Համբարյանը, օրինակ, բարձրաձայնեց խաղահրապարակների երկաթե կարուսելների հնությունը:
Ծնող Լիլիթ Վարդանյանին էլ մտահոգում է խաղալիքների, ներկերի, խնամքի նյութերի, երեխային շրջապատող այլ իրերի նյութերի վերահսկողությունը:
Մարինե Մելքոնյանն էլ կցանկանար արգելեին պուրակներում գետնին անորակ խաղալիքների վաճառքը:
Ծնողներին հուզում էին նաև մանկապարտեզների, երեխաների բուժման ու կրթության խնդիրները: «Մանկապարտեզներն անմխիթար վիճակում են, մանկավարժներն ու դայակները՝ անկիրթ: Պարտեզներում երեխաները կուշտ ուտում են ու պառկում քնելու, որը շատ վնաս է առողջությանը»,- ասաց Լիլիթ Վարդանյանը:
Մյուս խնդիրը, որը բարձրաձայնեց տիկին Վարդանյանը, առաջնային օղակում ծնողներին անվճար տրամադրվող դեղամիջոցների ցանկն է: «Ծնողներ կան, որոնք գաղափար չունեն, որ D վիտամինը, օրինակ, անվճար է տրամադրվում: Երեխաներին կշռում են կասկածելի կշեռքով, որի հիման վրա հայտարարում, որ երեխայի քաշը չի ավելացել (մեզ 2 անգամ նման բան ասացին՝ մինչև կշեռքն ուսումնասիրեցի: Պարզվեց՝ կշեռքը խախտված էր)»,- մանրամասնեց նա:
Երեխաների իրավունքները, տիկին Վարդանյանի խոսքով, մեծապես խախտվում են, երբ մանկաբույժները 4 ամսականից հետո պարտադրում են նստեցնել երեխային:
Ծնողներից մեկի՝ Էմմա Հովսեփյանի խոսքով էլ Հայաստանում մինչև 7 տարեկան երեխաների բուժումն անվճար է, սակայն երբ ծնողը երեխային տանում է հիվանդանոց, ասում են՝ խնդիրը լուրջ է, արագ պետք է միջամտել, բայց նաև ասում են, որ պետպատվերով չեն կարող արագ միջամտել: «Պետք է հերթի մեջ մնան, իսկ եթե ուզում են, որ հերթից դուրս օգնեն երեխային, պետք է վճարեն»,- մանրամասնեց տիկին Հովսեփյանը:
Ծնողները երեխաների կրթության իրավունքը եւս կարևոր են համարում: «9-րդ դասարանն ավարտելուց հետո շատ երեխաներ չեն կարողանում օգտվել կրթությունն ավագ դպրոցում շարունակելու իրավունքից՝ սոցիալական վիճակից ելնելով»։
«Մի քանի օրից մի խումբ ծնողների հետ պատրաստվում ենք դիմել ԿԳՆ՝ այդ հարցին լուծում տալու պահանջով»,- տեղեկացրին ծնողները:
Սոնա Դավթյան