ՀՀ Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց օրենսդրական մի նախագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը, ըստ նախարարի՝ պայմանավորված է ՀՀ վարչապետի հանձնարարականը կատարելու և ծննդյան ու մահվան մասին բժշկական վկայականներ ստանալու հետ կապված գործառույթները պարզեցնելու և քաղաքացիներին պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը բարելավելու անհրաժեշտությամբ:
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ որոշման ընդունումը թույլ կտա՝
— վերացնել քաղաքացիների կողմից երեխայի ծննդյան և քաղաքացու մահվան բժշկական վկայականը ՔԿԱԳ մարմիններ ներկայացնելու պահանջը.
— բժշկական հաստատություններում ներդնել ծննդյան և մահվան մասին բժշկական վկայականների պատրաստման էլեկտրոնային միասնական համակարգ, ինչը հնարավորություն կտա ավտոմատացնել և միասնականացնել բժշկական անձնակազմի գործառույթները և կրճատել այդ գործառույթների կատարման ժամկետները.
— ՔԿԱԳ մարմիններին հնարավորություն կընձեռվի ծնունդ կամ մահ գրանցելու նպատակով ներբեռնել ծննդյան և մահվան մասին բժշկական վկայականները՝ շրջանցելով մի շարք անհարկի գործառույթների կատարումը, ինչն առաջնահերթ բխում է դիմող անձանց շահերից՝ զերծ մնալով տվյալների անհամապատասխանության դեպքերից.
— կրճատել բժշկական վկայականների տրամադրման հետ կապված մի շարք գործառույթներ, օրինակ՝ թղթային կրիչների վրա ծննդյան և մահվան մասին բժշկական վկայականների նախապատրաստումը, նվազեցնել բժշկական հաստատությունների և ՔԿԱԳ տարածքային մարմինների միջև փաստաթղթաշրջանառությունը,
— բացառել ծննդյան կամ մահվան գրանցումներ կատարելիս անձանց վերաբերող տվյալների թերությունների, վրիպակների կատարման ռիսկը, տվյալների հակասությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բժշկական հաստատություններն իրենց հերթին բժշկական վկայականները բեռնելիս օգտվելու են նաև ՔԿԱԳ էլեկտրոնային միասնական կառավարման համակարգում և բնակչության պետական ռեգիստրում արդեն իսկ առկա անձնական տվյալներից.
— էականորեն խնայել փաստաթղթերի պատրաստման հետ կապված ծախսերը և ժամանակը.
— բարելավել բժշկական վիճակագրությունը, քանի որ համակարգում մահվան գրանցման դեպքում հնարավոր է բժշկական վկայականներ պատրաստել բացառապես միջազգայնորեն ընդունված Հիվանդությունների 10-րդ դասակարգչում զետեղված հիվանդությունների անվանումներով.
— բացառել ծնված և գրանցված երեխաների, ինչպես նաև բժշկական հաստատություններում գրանցված մահերի և ՔԿԱԳ մարմիններում գրանցված մահերի միջև վիճակագրական տարբերությունները, ինչը կարևոր է թե՛ վիճակագրական, թե՛ ժողովրդագրական, թե՛ ընտրական ցուցակների ճշգրտության տեսանկյունից.
— հնարավորություն ընձեռել երեխայի ծննդյան կամ անձի մահվան՝ ՔԿԱԳ մարմիններում չգրանցելու դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկել.
— առողջապահության և արդարադատության նախարարությունների համար հնարավորություն ստեղծել ռեալ ժամանակում ծնունդների և մահերի, մահվան բժշկական պատճառների վերաբերյալ ունենալ անհրաժեշտ տեղեկատվություն.
— հնարավորություն ստեղծել հետագայում այս համակարգը համակցելու պետական այլ էլեկտրոնային ռեգիստրների:
Համակարգը արդեն փորձնական ռեժիմով տեղադրված է Երևան քաղաքի, Շիրակի, Տավուշի, Լոռու մարզերի բժշկական հաստատությունների գերակշիռ մասում, ներկայումս համակարգը տեղադրվում է Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի բժշկական հաստատություններում: Նախատեսվում է համակարգն ամբողջությամբ տեղադրել շուրջ 400 բժշկական հաստատություններում և գործարկել 2017 թ. հունվարի 1-ից: