տուն Լուրեր Ճոխ ծախսերի մասին հարցը հունից հանեց նախարարին (տեսանյութ)

Ճոխ ծախսերի մասին հարցը հունից հանեց նախարարին (տեսանյութ)

84
0

Անտառային հրդեհները, որոնց հաջորդեց «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհը, մեկ անգամ եւս ցույց տվեցին, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ որպես կայացած և աղետներին արձագանքելու պատրաստ կառույց ներկայացնելու համակարգի պատասխանատուների հայտարարությունները իրականության հետ որեւէ աղերս չունեն: Նախ պարզ դարձավ, որ Հայաստանի ԱԻՆ-ը համապատասխան տեխնիկա չունի եւ ստիպված էր անտառային աղետի դեպքում դիմել Ռուսաստանի օգնությանը: Հետո` «Նաիրիտում» բռնկված հրդեհը մարելու ընթացքում առաջացան որոշակի դժվարություններ:

Մինչդեռ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ու համակարգի ներկայացուցիչները սեփական սխալներն ընդունելու եւ, որ ամենակարեւորն է, դասեր քաղելու փոխարեն զբաղված են քննադատողներին եւ կարծիք հայտնողներին «դաստիարակելու» կոչերով: Այնպիսի տպավորություն է, թե հրդեհից եւ հրդեհաշիջման աշխատանքներից հասկանում են միայն ու միայն ԱԻՆ-ի աշխատակիցները ու Դավիթ Տոնոյանի հետ պաշտպանության նախարարությունից արտակարգ իրավիճակների նախարարություն տեղափոխված այս կամ այն տրամաչափի չինովնիկները:

Այսօր Կառավարության նիստից հետո Araratnews.am-ը  ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանից փորձեց ճշտել, թե ինչո՛ւ եւ ի՛նչ պատճառներով իր ղեկավարած կառույցը պատրաստ չէր դիմայակելու անտառային հրդեհներին, ինչո՛ւ խնդիրներ առաջացան «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհը մարելու ժամանակ: Դավիթ Տոնոյանը դարձյալ հայտարարեց, թե ԱԻ նախարարությունը կայացած է: Ի դեպ, այս օրերին Տոնոյան Դավիթը զբաղված է ՊՆ-ից տարբեր պաշտոնյաների ԱԻՆ տեղափոխելով: Նրանից հետաքրքրվեցինք, թե փոխատեղումներն ինչո՛վ են պայմանավորված: Տոնոյանը հայտարարեց, թե շատ ուրախ է դրա համար, եւ ինքը մասնագետների է տեղափոխում: «Ես նաեւ իմ թիմն եմ հավաքում, որ ճիշտ աշխատենք: Ես իրավունք ունեմ իմ թիմը հավաքելու»,- ասաց Տոնոյանը:

Նրան հունից հանեց մեր դիտարկումները, թե պետական կառույցները, այդ թվում` արտակարգ իրավիճակների նախարարությունը, ճոխ ծախսեր է կատարում, պաշտոնյաները շքեղ ծառայողական մեքենաներից են օգտվում, իսկ նման իրավիճակների պատրաստ չեն:  Ի դեպ, նախարարին ուղեկցող օգնականն ու մամուլի պատասխանատուն ամեն կերպ փորձում էին միջամտել հարցազրույցին, հայտարարելով, թե նախարարը շտապում է եւ ժամանակ չունի:

Դավիթ Տոնոյանի հարցազրույցն ամբողջությամբ առաջարկվող տեսանյութում:

Փայլակ Ֆահրադյան