տուն Լուրեր Ճախրող ռեստորան Երևանում՝ հունիսի 20-ից

Ճախրող ռեստորան Երևանում՝ հունիսի 20-ից

342
0

Երևանի ճախրող ռեստորանի լուսանկարը կատարվել է երեկ: 

Հունիսի 20-ից Երևանում հնարավոր կլինի ընթրել ճախրող ռեստորանում՝ 50 մ բարձրության վրա՝ Արարատին նայող գեղեցիկ տեսարանով: Ճախրող ռեստորանը կամ Dine Sky-ը (դայն սքայ) նման է մետաղական տաղավարի, որը վերև է բարձրացնում ամբարձիչ կռունկը: Այն ունի 8 մ երկարություն և 3 մետր լայնություն, կազմված է երկու հատվածից՝ հատակամածից, որին ամրացված են սեղաններն ու աթոռները, և տանիքից: Հատակամածը պատրաստված է հատուկ ամրակայուն պողպատից և իրենից ներկայացնում է իրար մեջ մխրճված և եռակցված հանգույցների ցանց: Այս կառուցվածքի բոլոր էլեմենտները, սկսած հեղույսներից մինչև ճոպաններ, գերմանական են, անցել են որակի ստուգում և ունեն համապատասխան սերտիֆիկատներ:

Ռեստորանում մեկ անձի մուտքը 30 եվրո է: Հաճախորդները կհյուրասիրվեն տարատեսակ կերակուրներով և կօգտվեն անսահմանափակ ոչ ալկոհոլային խմիչքներից:  Ճախրող ռեստորանի հասցեն  է՝ Արշակունյաց 30/1, տեղեր ամրագրել կարող եք ԱՅՍՏԵՂ:

Հայաստանում գործող ռեստորանը անցել է 10 տոննայի հավաստագրում բոլոր հանգույցների համար: Դա նշանակում է, որ դրանք կարող են մինչև 10 տոննա ծանրություն կրել: Ռեստորանը պատրաստվել է Դուբայում ACE ընկերության կողմից:

Ճախրող ռեստորանում ուղղանկյունաձև միակցված ընդհանուր սեղանի շուրջ տեղադրված են 22 աթոռներ՝ պատրաստված կարբոն-ֆիբրայից: Աթոռները ձևով ու հարմարությամբ շատ նման են սպորտային մեքենաների նստարաններին: Յուրաքանչյուր նստարանը առանձին ճոպանով ամրացված է հիմնական հանգույցին և ունի անվտանգության երեք գոտիներ: 22 այցելուների հետ երկինք են բարձրանում նաև խոհարարն ու մատուցողները: Միակցված սեղանների արանքում ազատ տարածք կա, որտեղ էլ աշխատում են մատուցողներն ու խոհարարը:

Ռեստորանը երկինք բարձրացնելու և հյուրերի ընթրիքը երկնքում անվտանգ ապահովելու համար Հայաստան է բերվել 150 տոննա ամբարձունակությամբ մոբայլ ամբարձիչ կռունկ: Ռեստորանը կախված է 45-50 մ բարձրության վրա: Կռունկի տեխնիկական հնարավորությունները, ի դեպ, թույլ են տալիս բարձրացնել 3 անգամ ավելի ծանրություն: Ամբարձիչ կռունկի անվտանգության համակարգը կառավարվում է գերմանական Hirschmann արտադրության սարքավորումներով: Այն ներառում է իր մեջ քամու ուժը, ծռման և թեքման աստիճանները:

Մարդկային ֆակտորը ամբողջ Dine Sky-ում զրոյական է՝ համակարգն ամբողջովին ավտոմատացված է հուսալի և բազմակի ստուգումներ անցած անվտանգության համակարգերով:

Ռեստորանն ունի 8 անվտանգության ճոպաններ. այդպիսի ամրակայուն ճոպանները օգտագործվում են նավթային օֆշորներում: Անգամ եթե 7 ճոպանները կտրվեն, մեկը կարող է պահել ամբողջ կառուցվածքի ծանրությունը:

Dine sky-ի տանիքը պատրաստված է հատուկ նեյլոնից, որը թույլ չի տալիս թափանցել արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթները: Ընտրվել է այնպիսի տեղամաս, որն ունի հարթ մակերևույթ և որտեղ քամիների հաճախականությունն ու ուժգնությունը թույլ է:

Ռեստորանը պտտվում է 360 աստիճանով և բոլոր հյուրերը հավասարապես կարող են հիանալ թե՛ Երևանի կենտրոնի, թե՛ Արարատյան դաշտավայրի ու Արարատի տեսարաններով: Ի դեպ, 180 աստիճանով պտտվում են նաև աթոռները, նաև կարելի է թիկնակը հետ գցել և պառկել: Երևանյան Dine Sky-ը մյուս երկրներում գործող նմանատիպ ռեստորաններից երեք անգամ էժան է:

Հայկական ճախրող ռեստորանը կունենա մեկ առանձնահատկություն ևս. Երևանը կլինի առաջին քաղաքը, որտեղ կգործի նաև ճախրող ռեստորանի ձմեռային տարբերակը՝ նախատեսված 16 հոգու համար:

Հայաստանում նման ռեստորան բացելու նախապայման է հանդիսացել երկրում արագ տեմպերով զարգացող տուրիզմն ու նրա հեռանկարները: