Հարավային Կորեայի երկու խոշորագույն ավիաընկերությունները՝ Korean Air-ը եւ Asiana Airlines-ը, 190-ից ավելի ավիաչվերթեր են չեղյալ հայտարարել Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի միջեւ: Այդ մասին հաղորդել Է NHK հեռուստաալիքը:
Մինչեւ հուլիսի կեսերը կամ վերջը, կախված պրեֆեկտուրայից, ժամանակավորապես դադարեցվել Է ավիահաղորդակցությունը Ճապոնիայի չորս պրեֆեկտուրաների՝ Կագոսիմայի, Ակիտայի, Օկայամայի եւ Իսիկավայի հետ: Երկու երկրների միջեւ ավիափոխադրումների փոփոխությունները մասնակիորեն վերաբերում են նաեւ Ճապոնիայի մայրաքաղաք իրականացվող չվերթերին: Հարավային Կորեայի ավիափոխադրողների տվյալներով՝ այս որոշումն ընդունվել Է Կորեայի Հանրապետությունում մերձավորարեւելյան շնչառական համախտանիշի կորոնավիրուսի (MERS) բռնկման ֆոնին: Այն դեպքում, եթե MERS-ի հետ կապված իր ադրությունը մինչեւ հուլիսի կեսերը չփոխվի, ընկերությունները կարող են շարունակել չվերթերի չեղարկումը:
Ներկայում Ճապոնիայի կառավարությունը արտակարգ միջոցներ Է ձեռնարկում՝ կանխելու երկրի տարածքում վտանգավոր վիրուսի հնարավոր տարածումը:
Հարավային Կորեայի առողջապահության նախարարության տվյալներով՝ MERS վիրուսից հանրապետությունում մահացել է եւս երկու մարդ, այսպիսով հիվանդության զոհերի թիվը հասել է 27-ի: Հիվանդացածների թիվն ավելացել է երեքով եւ կազմել 173: Վիրուսով վարակվելու ռիսկի պատճառով կարանտինի ռեժիմ է հանձնարարված 3,8 հազար մարդու: Նախօրյակին ռիսկի խմբում կար ավելի քան 4 հազար մարդ, նրանց թիվը կրճատվում է ինկուբացիոն շրջանի լրանալուն համեմատ, որը MERS-ի դեպքում կազմում է 14 օր:
Այդ վիրուսի դեմ պատվաստանյութ գոյություն չունի: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հունիսի 16-ի դրությամբ աշխարհում գրանցվել է MERS վիրուսով վարակման 1321 դեպք, մահացել է ավելի քան 450 մարդ: ՀԿ-ում հիվանդության հետեւանքով մահացությունն այսօրվա դրությամբ կազմում է 15,7 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: