
Լռության րոպեն հայտարարվել Է սգո արարողության ժամանակ, որը տեղի Է ունեցել Տոկիոյի կենտրոնում գտնվող Ազգային թատրոնի շենքում: Արարողության ներկա են եղել Ճապոնիայի կայսեր Ակիհտոն եւ վարչապետ Սինձո Աբեն:
Հինգ տարի առաջ Ճապոնիայում տեղի ունեցած 9,0 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով զոհվեց գրեթե 16 հազար մարդ, ընդ որում նրանց ավելի քան 90 տոկոսը ստորգետնյա ցնցումներին հաջորդած ցունամիի զոհ դարձավ: Ավելի քան 2,5 հազար մարդ դեռեւս անհետ կորած է համարվում:
Երկրաշարժից հետո անցած հինգ տարվա ընթացքում վերականգնողական աշխատանքների համար ծախսվել է 25,5 տրիլիոն իեն (225 մլրդ դոլար): Առաջիկա հինգ տարում պլանավորվում է ծախսել եւս 6,5 տրիլիոն իեն (57 մլրդ դոլար):
Ավելի քան 174 հազար բնակիչներ այդպես էլ չեն կարողացել վերադառնալ իրենց տները կամ նոր մշտական բնակատեղի գտնել: Նրանցից գրեթե 60 հազարն ապրում են ժամանակավոր կացարաններում, որոնք կառուցվել էին ոչ ավելի, քան երկու-երեք տարվա համար: Ներկայում առավել ծանր է վիճակը Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայում, որին բաժին էր հասել տարերքի գլխավոր հատվածը. հենց այստեղ էր վիթխարի ցունամին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթար հարուցել: Կայանի մերձակա յոթ գյուղերից տարհանված ավելի քան 40 հազար մարդ շարունակում է ապրել պրեֆեկտուրայի սահմաններից դուրս:
Ատոմակայանում շարունակվում են վթարի հետեւանքների վերացման աշխատանքները, որոնք կշարունակվեն դեռ 30-40 տարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: