Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ քաղաքի և Վահան գյուղի բոլոր աշակերտներն այս ուսումնական տարում դասագրքերը ստացել են անվճար հիմունքներով՝ պետության կողմից սահմանված փոխհատուցմամբ:
Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության գլխավոր մասնագետ Հակոբ Թիզյանը, Ճամբարակ քաղաքի թիվ 1, 2 հիմնական, թիվ 4 միջնակարգ ու ավագ, Վահան գյուղի միջնակարգ դպրոցներում դասավանդվող բոլոր առարկաների դասագրքերը սեպտեմբերի 1-ի դրությամբ անվճար բաշխվել են բոլոր աշակերտներին:
«Ճամբարակի ավագ դպրոցում այս տարի ուսանելու է 182, թիվ 1 հիմնականում՝ 403, թիվ 2 հիմնականում՝ 209, թիվ 4 միջնակարգում՝ 57, Վահանի միջնակարգում՝ 138 աշակերտ: Բոլորը ստացել են իրենց դասագրքերը, որոնք հիմնականում նոր են կամ խնամքով օգտագործված: Ամեն դեպքում, սա ակնառու օժանդակություն է Ճամբարակի ու Վահանի ծնողներին և դպրոցականներին»,- հավաստել է Հակոբ Թիզյանը: