տուն Լուրեր Ծերացող արհմիությո՞ւն. ներքին խմորումներ

Ծերացող արհմիությո՞ւն. ներքին խմորումներ

144
0

արհմիությունն

Araratnews.am-ի խմբագրություն էին զանգահարել կոնֆեդերացիայի մի խումբ աշխատակիցներ, որոնք դժգոհում էին աշխատանքային խնդիրներով զբաղվող Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանի գործունեությունից: Հասկանալի պատճառներով քաղաքացիները չհայտնեցին անուն-ազգանունները` իրենց առանց այդ էլ ցածր աշխատավարձով աշխատանքը չկորցնելու մտավախությամբ:

Աշխատակիցների խոսքով՝ այս տարվա հոկտեմբերի 6-ին  կոնֆեդերացիայի  նախագահի ընտրություն է անցկացվել: Առաջադրված միակ թեկնածուն եղել է կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը, որը ձայների մեծամասնությամբ նախագահ է ընտրվել երկրորդ անգամ:  Բողոքողները պնդում են, որ կոնֆեդերացիան լրագրողներին  չի տեղեկացրել  նախագահի ընտրությունների մասին ներքին խմորումների պատճառով: Մեզ դիմած քաղաքացիները  նաև ասում էին, որ  նախագահ Էդուարդ Թումասյանը չի ցանկանում իր կառույցում տեսնել  երիտասարդների, քանի որ մտավախություն ունի՝ երիտասարդները կգերազանցեն ավագ սերնդին, նոր գաղափարներ կբերեն, ինչու ոչ, գուցե մարտահրավեր նետեն հին սերնդին:

Araratnews.am-ն  այս հարցերի մասին  փորձեց զրուցել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանի հետ, բայց մեր հեռախոսազանգին պատասխանեց կոնֆեդերացիայի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սաթիկ Ղարախանյանը: Նա, ինչպես եւ սպասելի էր, հերքեց  Էդուարդ Թումասյանի կողմից այլ թեկնածուների առաջադրմանը  խոչընդոտելու մասին լուրերը. «Նման բան չկա: Պարոն Թումասյանն այդ մարդը չէ: Ընդհակառակը, նա անընդհատ ասում էր՝ ովքե՞ր են ուզում առաջադրվել կոնֆեդերացիայի նախագահի պաշտոնում»:

Ինչպե՞ս հասկանալ, որ  Էդուարդ Թումասյանը երկրորդ անգամ է ընտրվում  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ, եւ, նրանից բացի, ոչ ոք չի առաջադրվում: Մի՞թե որեւէ մեկը առաջադրվելու ցանկություն չհայտնեց: «Ցանկացողներ չեն եղել»,- հակիրճ պատասխանեց տիկին Սաթիկը:

Ինչ վերաբերում  է այս տարի հոկտեմբերի 6-ին նախագահի ընտրությունների մասին լրագրողներին չտեղեկացնելուն, տիկին  Ղարախանյանն այդ տեղեկությունը համարեց իրականությանը չհամապատասխանող: Մի քանի լրատվամիջոց  լուսաբանել են կոնֆեդերացիայի նախագահի ընտրությունը:

Էդուարդ Թումասյանը կարծես խուսափում է լրատվամիջոցների հետ խոսել, հիմնականում նրա տեղակալներն են ասուլիսներում  հանդես գալիս:  «Այդպես չէ, բացե՛ք  կայքերից մեկը եւ տեսեք՝  համագումարից առաջ նա մեծ հարցազրույց է տվել»,- ասաց կոնֆեդերացիայի հասարակայնության հետ կապերի բաժնի պետը:

Ինչո՞ւ  կոնֆեդերացիայի նախագահը չի ցանկանում  աշխատել երիտասարդների հետ ու նրանց աշխատանքի ընդունել:  Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը դա էլ հերքեց. «Վերջին 3 տարում ընդունել ենք  մինչեւ  30 տարեկան 1 երիտասարդ իրավաբան, երիտասարդ հաշվետար եւ սոցիալ-տնտեսական բաժնում  երիտասարդ մեկ կադր: 19 ճյուղային արհմիություններում եւս կան երիտասարդներ»: Իսկ թե քանի՛սն են նրանք` տիկին Ղարախանյանը դժվարացավ ասել:

Կառույցում երիտասարդների սակավությունը, ըստ նրա, պայմանավորված է նաև ցածր՝ 70.000 դրամ աշխատավարձով:

Կոնֆեդերացիայի նպատակն է վերականգնել  քաղաքացու աշխատանքային  խախտված իրավունքները: Զանգահարեցինք կոնֆեդերացիայի տնտեսական և աշխատանքի պաշտպանության բաժնի պետ Կարինե Մադոյանին, տեղեկանալու, թե ամենաշատ ինչի՞ համար են  կոնֆեդերացիա դիմում:  «Հիմնականում աշխատավայրում աշխատանքի պատճառով կրած վնասի փոխհատուցման համար»,- ասաց տիկին Մադոյանը:

Կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանից էլ փորձեցինք պարզել, թե այս տարվա 9 ամիսներին քանի՞ քաղաքացու խախտված իրավունքն է վերականգնել կոնֆեդերացիան:  Բաժնի պետը, սակայն, մեզ հետ զրույցում դժվարացավ ամբողջ կոնֆեդերացիայի վիճակագրությունը  ներկայացնել:

Միքայել Փիլիպոսյանի խոսքով՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան   գործատուների վրա ազդելու օրենսդրական լծակ չունի. «Մի քանի անգամ այդ հարցը  բարձրացել ենք Սերժ Սարգսյանի առաջ, վարչապետի առաջ, բայց չեն արձագանքել: Նրանք կարծում են, որ արհմիությունը հասարակական  կառույց է: Բացի այդ, մեր քաղաքացիներն ափսոսում են մի երկու կոպեկ անդամավճար տալ, որ արհմիությունները գոյատեւեն, ուժեղանան, պաշտպանեն քաղաքացիների շահերը: Այսօր արհմիությունները ծանր վիճակում են»:

Միակ բանը, որն անում է  այսօր կոնֆեդերացիան, միջնորդագրեր է ներկայացնում գործատուներին, հորդորում վերականգնել  աշխատողի իրավունքը, նաև խորհուրդ են տալիս աշխատողներին դիմել դատարան:

Հիշեցնենք, որ կոնֆեդերացիան պետությունից չի ֆինանսավորվում, ֆինանսավորման աղբյուրն անդամավճարներն են,  մի քանի սենյակների վարձակալությունը եւ հին շենքի վաճառքի գումարը, որը  որոշակի տոկոսով դրվել է բանկ եւ եկամուտ է ապահովում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիային:

Սոնա Դավթյան