տուն Լուրեր Ծեր կնոջ սպանության մեջ մեղադրվող հայը դատարանի շենքում ինքնասպան է եղել. մանրամասներ

Ծեր կնոջ սպանության մեջ մեղադրվող հայը դատարանի շենքում ինքնասպան է եղել. մանրամասներ

148
0

Սանկտ Պետերբուրգում ծեր կնոջ սպանության մեջ երեկ մեղավոր ճանաչված Սենիկ Նարոյանին ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի դատարանի շենքում մահացած են գտել։

«Ատենակալների՝ Մարիինյան թատրոնի ծեր աշխատակցուհու, Լենինգրադի բլոկադան վերապրած Նինա Մացինայի վրա ավազակային հարձակման եւ սպանության գործով որոշումը հնչեցնելուց հետո, մեղադրյալներից մեկը՝ բնիկ հայաստանցի Սենիկ Նարոյանը, միաձայն ճանաչվելով մեղավոր՝ առանց ներման իրավունքի, ինքնասպանություն է գործել»,- գրում է ռուսական «Պետերբուրգսկի դնեվնիկ» հրատարակությունը։

Բացի Նարոյանից, մեղավոր են ճանաչվել նաեւ եւս երկու մեղադրյալ՝ Ռազմիկ Հակոբյանը եւ  Գալինա Հուսեյնովան։

Նշվում է, որ դեպքը կատարվել է Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանի շենքի պահակակետային մասում, որտեղ մուտք ունեն միայն ոստիկանները։ Պաշտոնական աղբյուրները չեն մեկնաբանում կատարվածը։

Սենիկ Նարոյանը, ելույթ ունենալով 2019 թվականի հունիսի 1-ին կայացած դատական նիստում, իր վերջին խոսքում հայտարարել է, որ եթե ատենակալները մեղադրական որոշում կայացնեն, ապա նա խնդրում է իրեն գնդակահարել։

Նախաքննության ժամանակ տղամարդը հրաժարվել է ցուցմունքներ տալուց, իսկ դատարանում հայտարարել է, որ մեղավոր չէ։

Նինա Մացինան խեղդամահ է արվել 2017-ի նոյեմբերին, իր սեփական բնակարանում։ Ըստ նախաքննության արդյունքների՝ սպանությունը կազմակերպել է Գալինա Հուսեյնովան, որն աշխատելիս է եղել «Եվա» բարեգործական կազմակերպությունում։ Նոյեմբերի 20-ին Հուսեյնովան չարագործներից մեկի առաջ բացել է Մացինայի բնակարանի դուռը, որն էլ հենց կատարել է սպանությունը։

Ապա հանցագործները գողացել են սպանվածի կրեդիտային քարտը, ինչպես նաեւ հայտնի երգչի լուսանկար՝ վերջինիս ստորագրությամբ։ Սակայն քարտից նրանց չի հաջողվել գումար հանել, քանի որ չեն իմացել գաղտնաբառը։