Քաղաքապետարանն առիթը բաց չի թողնում հավատացնելու, թե ջանք ու եռանդ չի խնայում կանաչ տարածքների պահպանման համար: Սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ կանաչ տարածքները սեփականաշնորհվում են, իսկ սեփականատերերը մեծ փութաջանությամբ կտրում են ծառերը, ոչնչացնում բուսականությունը: Վերջին աղմկահարույց դեպքը Մոնումենտի հարակից տարածքում էր: Քաղաքապետարանի պարզաբանումն էր՝ սեփականատերն է որոշում, թե ինչպե՛ս վարվել տարածքի հետ:
Սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին դեպքը չէ: Ամիսներ առաջ էլ «Դելֆին» լողավազանի դիմաց 23 բարդի էր հատվել, չնայած ծառահատման համար մեղադրվող Սամսոն Ստեփանյանի փաստաբանը պնդմամբ` իր պաշտպանյալը էտել, ոչ թե հատել է ծառերը, քանի որ հատված ծառերը շիվ են տվել:
2015-ին էլ մայրաքաղաքի սրտում՝ Եզնիկ Կողբացու 50/2 հասցենում, «Վան» մոթելի տնօրեն Վահագն Վանթյանի գիտությամբ արմատախիլ էին արել ծառեր, որոնցից մեկը, ի դեպ, ըստ տեղեկությունների, տնկել էր մոթելի սեփականատերը: Հատված ծառերի տեղում այսօր սրճարան է:
Այն ժամանակ Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի, տարածքի բնակիչների բողոքի ձայնը ոչ մի արդյունք չտվեց: Քաղաքապետարանը, Կենտրոնի թաղապետարանն աչք փակեցին տեղի ունեցածի վրա: Քաղաքապետարանը նույնիսկ հայտարարել էր, թե վերոնշյալ տարածքում ծառեր չեն եղել:
«Հայաստանի անտառներ» ՀԿ ղեկավար, իրավաբան Նազելի Վարդանյանից araratnews.am-ը պարզեց՝ արդյոք հակասություն չկա կանաչապատման տարածքների պահպանման եւ սեփականատերերի ցանկությունների միջեւ:
Պարզվում է՝ կանաչ տարածքների սեփականատերերը, ՀԿ ղեկավարի խոսքով, չեն կարող առանց պատկան մարմնի՝ քաղաքապետարանի թույլտվության ծառ կտրել, քաղաքապետարանը պատասխանատու է ամեն մի ծառի համար:
Նազելի Վարդանյանը հիշեցրեց՝ գոյություն ունի գլխավոր հատակագիծ, որով հաստատված են կանաչ գոտիները, որոնք չպետք է դառնան շինություն: «Բայց եթե անգամ կանաչ տարածքները սեփականաշնորհվում են կամ վարձակալվում, քաղաքապետարանը պետք է պայմանագիր կնքի կանաչ տարածքի սեփականատիրոջ կամ վարձակալի հետ՝ դրանց պահպանման համար: Հողային օրենսգիրքը, «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքը, մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը սահմանում են կանաչ տարածքներն ու դրանց պահպանումը»,- մանրամասնեց մասնագետը:
Այս ոլորտում բացը, թերեւս, քաղաքային անտառների ու քաղաքային պուրակների մասին օրենքի բացակայությունն է: «Հայաստանի անտառներ» ՀԿ ղեկավարն առաջարկում է քաղաքային իշխանությանը` քաղաքային անտառներն ու պուրակները հատուկ պահպանվող տարածքներ համարել:
ՀԿ ղեկավարը մտահոգիչ է համարում նաև հողատարածքների սակավությունը: Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ իրեն դիմել են՝ կանաչ տարածք ստեղծելու, բայց ազատ հող չկա քաղաքում:
Բնապահպան, բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով կանաչ տարածքների պահպանման խոստումներին ու դրան հակառակ արվող գործողություններին, ասաց, որ քաղաքապետարանը կանաչապատում է արվարձանները, իսկ քաղաքի կենտրոնի ամեն մի սանտիմետրը նախատեսված է կառուցապատման համար:
Քաղաքաշինության նախկին փոխնախարար Ռուզան Ալավերդյանի ղեկավարությամբ 2012-ին կազմվել էր Երեւանի փոքր կենտրոնի հայեցակարգը, որում անդրադարձել էին նաև կանաչ Երեւանի կանաչ գոտիներին ու դրանց պահպանմանը: Կարինե Դանիելյանի փոխանցմամբ` օրինագիծը ԱԺ-ում «քնացնելուց» հետո հետ եկավ ու դարձավ սովորական թղթի մի կտոր: Դե, պարզ է, որ այն խանգարում էր շատերին…
Քաղաքաշինության պետական կոմիտեի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Անահիտ Հախումյանն էլ araratnews.am-ին տեղեկացրեց, որ Երեւանի փոքր կենտրոնի հայեցակարգը, հավանաբար, հաջորդ տարի` նոր կառավարության ձեւավորումից հետո, կներկայացվի գործադիր ու օրենսդիր մարմիններ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ