տուն Լուրեր Ծակ ու կեղտոտ գնդակը ֆեդերացիայից դուրս չի՞ գալու

Ծակ ու կեղտոտ գնդակը ֆեդերացիայից դուրս չի՞ գալու

212
0

Ապրիլի 14-ին՝ հեղափոխության ամենաթեժ օրերին, հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ծակ և կեղտոտ գնդակ նետեց ՀՖՖ շենք և Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին հիշեցրեց 2015 թվականի նրա խոսքերը:

«Մենք կարծում ենք, որ ինչպես Սերժ Սարգսյանը ստեղծել է ստահոդ պետություն, էնպես էլ Ռուբեն Հայրապետյանը ստեղծել է ստահոդ ֆուտբոլ, և ես կարծում եմ, որ սա մարտահրավեր է Ռուբեն Հայրապետյանին, թե ինքն էլ իր կուսակցական շեֆի նման խոսքի տերը չէ, խոսքից թռնող է: Եթե խոսքի տերն ես, Ռուբե՛ն Հայրապետյան, դու ձախողել ես հայկական ֆուտբոլի զարգացումը, դե՛, հեռացի՛ր քո խոստմանը համապատասխան»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Այն ժամանակ Փաշինյանը դեռ ոչ մի լծակ չուներ։ Այժմ նա երկրի ղեկավար է, և Ռուբեն Հայրապետյանը վաղը պատրաստվում է կրկին վերընտրվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

Ի դեպ, ի պաշտոնե Փաշինյանն իրավունք չունի խառնվելու ֆեդերացիայի գործերին: Ով կլինի նախագահ, ով չի լինի՝ երկրի ղեկավարի գործը չէ: Բայց ահա ֆեդերացիա մտնելու  և օպերատիվ աշխատանքներ իրականացնելու ոչ միայն իրավունք, այլ նաև պարտականություն ունեն Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները:

Մենք իհարկե չենք կարող Հայրապետյանին մեղադրել ինչ-ինչ հանցանքների մեջ, քավ լիցի, մեղադրանքներ կարող է ներկայացնել քննչականը, մեղադրանքն էլ կպաշտպանի դատախազը, արդարադատությունն էլ կիրականացնի դատարանը: Մենք Հայրապետյանին չենք մեղադրում հանցանքներ գործելու մեջ, բայց մենք կարող ենք մի քանի մտահոգություններ հայտնել նրա անձի, կերպարի շուրջ: Հայրապետյանը տարիներ շարունակ եղել է Հայաստանի քրեաօլիգարխիայի ամենավառ և կարևոր «պերսոնաժներից» մեկը:

Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը կարող են օպերատիվ տվյալներ իրացնել և ստուգումներ սկսել ֆեդերացիայում. մարդ ես, կարող է պարզվի, որ տարիներ շարունակ այս կամ այն կերպ ֆեդերացիայում գումարներ են լվացվել կամ յուրացվել:

Ենթադրենք՝ ՖԻՖԱ-ից կամ ՈւԵՖԱ-ից դրամաշնորհ է ստացվել, որը չի ծառայել իր նպատակին: Կամ ինչ-որ անհայտ ծագման գումարներ մտել են հայկական ֆուտբոլ և «չերեզ ֆեդերացիա» դարձել օրինական:

Մի օրինակ, որը բոլորն են տեսնում: Այս մեկը, թերևս, պաշտոնական դիրքի չարաշահման օրինակ է: Ինչպե՞ս է պատահել, որ ՀՖՖ-ի տարածքում բացվել է սպորտային խանութ, և որ այդ խանութը պատկանում է Ռուբեն Հայրապետյանին: Հավատացե՛ք՝ ստուգումներից հետո կարող է պարզվել, որ ֆեդերացիայի տարածքում գործող սպորտային խանութը Հայրապետյանի կատարած ամենաանմեղ արարքը լինի:

Մամուլը տարիներ շարունակ բարձրաձայնել է Ռուբեն Հայրապետյանի կատարած տարատեսակ արարքների, ենթադրյալ հանցանքների մասին, սակայն նախորդ իշխանությունները լռել են, որովհետև Հայրապետյանը Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերն է:

Այս ամենի ֆոնին Հայրապետյանը վաղը ցանկանում է կրկին զբաղեցնել ֆեդերացիայի նախագահի պաշտոնը: Ասել, թե Հայրապետյանը ձախողել է հայկական ֆուտբոլը, կստացվի ոչինչ չասել: Այս օրերին, երբ աշխարհն ապրում է մունդիալով, այնտեղ բացակայում է մեր ընտրանին, որի ձախողման միակ պատասխանատուն Հայրապետյանն ու իր տեսակն է, քանի որ առողջ մթնոլորտը բացակայել է հայկական ֆուտբոլում: Ու հենց այստեղ է, որ շարունակում ենք մեր մտքում պահել Փաշինյանի նետած ծակ ու կեղտոտ գնդակը:

Հարց է առաջանում՝ ծակ և կեղտոտ գնդակը դեռ երկա՞ր պետք է մնա հայկական ֆուտբոլում:

Հարություն Մկրտչյան