Գիշերը հակառակորդի կրակոցից Տավուշի մարզի Կոթի գյուղի սահմանապահ դիրքերում պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ առավոտյան զինված դիմակայության լարվածության աճ է արձանագրվել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան և Կոթի բնակավայրերի ուղղությամբ:
«ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Փոխհրաձգության ընթացքում բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Զորի Գորիսի Աշրաֆյանը», — նշված է նախարարության հաղորդագրության մեջ:
Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը մեզ հետ զրույցում ասաց՝ վիրավորված զինծառայողի վիճակը նորմալ է:
«Թեթև վնասվածք է եղել ոտքի շրջանում, որևէ լուրջ բան չկա: Որքանով տեղյակ եմ՝ հիվանդանոց էլ չի պառկել»,- նշեց գյուղապետը:
Հակառակորդի կրակոցները հիմնականում ուղղված են սահմանապահ դիրքերին: Ֆելիքս Մելիքյանի խոսքով՝ գյուղում ընդհանուր առմամբ այս օրերի ընթացքում կրակոցներ չեն հնչել:
«Այս օրերին հանգիստ է եղել, ակտիվություն է նկատվել միայն այս գիշերը, կրակել են մոտ երկու ժամ, սակայն որևէ լուրջ վնասներ չկան»,- հավելեց Կոթիի գյուղապետը:
Բերդավանում ևս կրակոցները հիմնականում ուղղված են սահմանապահ դիրքերի ուղղությամբ: Գյուղապետ Արարատ Գաբրիելյանի փոխանցմամբ՝ չնայած այս օրերին լարվածության նկատելի աճ կա, միևնույն է բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ ընդհանրապես չեն հնչել:
Գյուղացիները, սակայն, ապահովության համար խմբեր են ձևավորել ու գիշերները հերթապահում են գյուղի մերձակայքում:
«Հոգնած ենք, գիշերը հերթապահել ենք, սակայն մեր մարտական ոգին բարձր եղել է ու կմնա բարձր»,- հավելեց գյուղապետը:
Նշենք, որ հակառակորդը շարունակում է խաղաղ բնակավայրերի և մարտական հենակետերի հրետակոծությունները, անօդաչու թռչող սարքերի ակտիվորեն կիրառումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, որոնցից մեկը, Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ, Պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել է:
Շողիկ Գալստյան