Այսօր ՀՀ Կառավարության նիստին որոշում կայացվեց կառավարության պահուստային ֆոնդից 147 միլիոն դրամ հատկացնել Տարածքային կառավարման նախարարությանըˋ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում հրատապ լուծում պահանջող որոշ խնդիրների լուծման նպատակով:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ասաց, որ Տավուշի մարզ կատարած այցելության ընթացքում համայնքային հանդիպումների ժամանակ բարձրացվել են մի շարք խնդիրներ և Հովիկ Աբրահամյանի կողմից տրվել է համապատասխան հանձնարարական՝ նշված խնդիրները կարգավորելու համար:
«Կարևորվել են Տավուշի մարզի Չինարի համայնքի առավել վտանգավոր հատվածներում բնակչության տեղաշարժի անվտանգության ապահովման հենապատի կառուցման, Չինարի համայնքի դպրոցի պատուհանների վերատեղադրման, Այգեձոր համայնքում ոռոգման ջրատարի կառուցման և ջրատարի ամրացման համար գաբիոնե հենապատի կառուցման խնդիրները»,-ասաց Արմեն Գևորգյանը:
Փոխվարչապետը նշեց նաև, որ այս տարի տեղի ունեցած քամիների հետևանքով Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներում առաջացել են խնդիրներ: Նա հավաստիացրեց, որ քամու հետևանքով ամբողջությամբ քանդվել է շուրջ 100 քմ մակերեսով թիթեղյա ծածկ, իսկ մնացած հատվածը պոկվել է: