«Տո վե´ր ընգի տեղդ, տավա´ր». փոխքաղաքապետը` «Երկիր ծիրանիի» անդամին, «Ասում են՝ կնոջը վիրավորում են, ի՞նչ կին, ա´յ բոզ». ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը` «Երկիր ծիրանի» խմբակցության անդամին, «Ռեխներդ բացելուց առաջ հաշի´վ տվեք ձեզ». փոխքաղաքապետ Կամո Արեյանը` ընդդիմադիր խմբակցության անդամներին: Սրանք Երեւանի ավագանու հոկտեմբերի 11-ի նիստում տեղի ունեցած միջադեպերից արտահայտություններ էին: Երևանի ավագանու նիստում Հանրապետական խմբակցության անդամները ամեն անգամ ցույց են տալիս իրենց ինքնագնահատականը, Կամո Արեյանի բնորոշմամբ` «ռեխները» բացելով յուրաքանչյուրն ինչպես կարող է: Օրինակ` Լեւոն Իգիթյանը սովոր է, որ կնոջ ներկայությամբ կարելի է հայհոյել: Նա «տղամարդու» այն տեսակն է, որին հիացմունք է պատճառում, երբ ինքն ու իր «սեռին» պատկանող մյուս ներկայացուցիչները կարող են կնոջը վիրավորել:
Ակնհայտ է, որ իգիթյանների եւ արեյանների պահվածքն առաջացնում էր Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության մյուս անդամների, այդ թվում` կանանց հիացմունքն ու հրճվանքը: Քաղաքապետի աթոռին նստած Մարգարյան Տարոնն էլ, բնականաբար, ծպտուն չէր հանում: Սա ինքնին խոսում է այն մասին, որ վերընտրված Մարգարյանը իր տեղում չէ: Մարգարյան Տարոնի կյանքը դժոխքի վերածելու «Երկիր ծիրանի» կուսակցության նախընտրական խոստումը իրագործվում է: Այլ հարց է, թե ինչպես է «դրախտային» կյանքով ապրող, «անհասկանալի» ճանապարհով հարստացած Տարոն Մարգարյանն իր թիմի հետ ադապտացվում «դժոխքին»:
ՀՀԿ-ական քաղաքապետին պաշտպանելու մոլուցքով տառապող ՀՀԿ-ական ավագանու անդամների պահվածքը նախևառաջ պետք է մտահոգի իշխանական վերնախավին: «Երկիր ծիրանի» կուսակցության անդամների` ավագանու նիստում բարձրացրած հարցերը գուցե քաղաքական չեն, գուցե հանրային տեսանկյունից հետաքրքրություն չեն ներկայացնում, սակայն այս ամենը ճաշակի հարց է, նույն այն ճաշակի, որով ձեւավորված է ավագանու ՀՀԿ խմբակցությունը:
Նկատենք, որ ավագանու նախորդ նիստում էլ էին հանրապետականները վիրավորական արտահայտություններ արել, իսկ հոկտեմբերի 11-ի նիստում կտրուկ բարձրացրին վիրավորական արտահայտությունների նշաձողը: Այս ամենից հետո, իհարկե, Տարոն Մարգարյանը նետվել էր տեսախցիկների առաջ մեկնաբանություններ հնչեցնելու, սակայն ինչպես մյուս դեպքերում այդ անգամ էլ ստացվել էր անհեթեթ նախադասությունների շարք: Տարոն Մարգարյանն ու իր թիմը նախեւառաջ խայտառակում են «ժողովրդավարության» ճանապարհով «քայլող» ՀՀԿ-ական վերնախավին եւ առաջին հերթին Սերժ Սարգսյանին: Ավագանու հաջորդ նիստերը, նկատի ունենալով նախորդ զարգացումները, կարող են առավել վտանգավոր հետեւանքներ ունենալ:
Նշենք, որ այսօր մամուլում տեղեկություններ են շրջանառվել, որ ավագանու ՀՀԿ խմբակցության անդամների լկտի պահվածքը քննարկվել է նաեւ Բաղրամյան 26-ում: Ըստ հրապարակումների` Մարգարյան Տարոնին խիստ զգուշացվել է ձգել ենթակաների ականջները: Չի բացառվում, որ Տարոն Մարգարյանի հրաժարականի հետհաշվարկը տրված է:
Փայլակ Ֆահրադյան