տուն Լուրեր Տարոն Մարգարյանի ճղճիմ քայլը. մանր վրեժխնդրություն

Տարոն Մարգարյանի ճղճիմ քայլը. մանր վրեժխնդրություն

128
0

tarrr

«Շատ ճղճիմ քայլ եմ որակում Տարոն Մարգարյանի կողմից, դա ոչ թե զուտ վիրավորական, այլ հենց բառիս բուն իմաստով ճղճիմ քայլ է, որովհետեւ նման բան անելու իրավունք չուներ: Սա եւս փաստում է, որ նա շարունակում է սպասարկել մի իշխանության շահը, որը ամբողջովին հիմնված է անբարոյականության, ստի եւ հանցագործության վրա: Այսինքն` Տարոն Մարգարյանը եւս անբարոյական, սուտ եւ կեղծիք պարունակող անձ է». Araratnews.am-ի  հետ զրույցում ասաց «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ում դեմ դատական հայց է ներկայացրել Երեւանի քաղաքապետարանը:  Նշենք, որ հունիսի 20-ից Երևանի Վարչական դատարանում քննվում է Շահեն Հարությունյանի դեմ Երևանի քաղաքապետարանի հայցը:

Հայցվոր կողմը պահանջում է պատասխանատվության ենթարկել Շահեն Հարությունյանին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 1-ին մասով՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 19-ին հավաք անցկացնելու համար:

Հիշեցնենք, որ 2017 թվականի մարտի 16-ին Հաց բերող՝ Արթուր Սարգսյանի մահվանը հաջորդած օրերին, ի հիշատակ նրա, Շահեն Հարությունյանի նախաձեռնությամբ բողոքի ակցիաներ անցկացվեցին Երևանում:

Շահեն Հարությունյանը Տարոն Մարգարյանի քայլը մանր վրեժխնդրություն է որակում: «Մենք ինքնաբուխ հավաքներ ենք արել, ինչը դատարանը եւս կարող է  հիմնավորել, որովհետեւ ակնհայտ է, որ  եթե մարտի 16-ին` ժամը 18:00-ին, ցույց ենք անում ի նշան սգո եւ բողոքի, որից ընդամենը մեկ ժամ առաջ մահացել է Հաց բերողը (խոսքը Արթուր Սարգսյանի մասին է), յուրաքանչյուր բանական մարդ, նորմալ դատավոր պիտի հասկանա, որ դրանք  ինքնաբուխ հավաքներ են, մենք որտեղի՞ց պետք է իմանայինք, որ Հաց բերողը մարտի 16-ին, ժամը 16:30-ին մահանալու է, եւ մենք ցույց ենք անելու եւ այլն»,- ասաց Շահեն Հարությունյանը:

Վերջինս գտնում է, որ Տարոն Մարգարյանը դատարան է դիմել այն հույսով, որ դատարանները օրենքով չեն առաջնորդվի, եւ իրեն վարչական պատասխանատվության կենթարկեն:

Հարությունյանը նշեց, որ Վարչական դատարանում 4-5 գործ է ներկայացվել: Նրանք միջնորդություն են ներկայացրել, որ համակցվեն դրանք` որպես մեկ ամբողջական գործ: «Որպեսզի դատելիս ինձ մի վարչականով դատեն, որ կալանավորման հարց չառաջանա, որովհետեւ եթե իր ուղարկած չորս-հինգ վարչականը գա, միանգամից պետք է դիմեն դատարան, որպեսզի ինձ կալանավորեն, քանի որ պայմանական ազատված եմ: Սրա համար եմ ասում, որ մանր վրեժխնդրություն է անում»,- նշեց Շահենը: Նա ասաց, դատարանը  միջնորդությունը բավարարել է, եւ գործերը համակցվել են:

Նշենք, որ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի վերջինս հրաժարվի Շահեն Հարությունյանի նկատմամբ վարչական դատարան ներկայացրած դիմումից։ Շահեն Հարությունյանը տեղեկացրեց, որ հանդիպել է նաեւ ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի հետ, ով առաջարկել է նման գործընթաց սկսել: «Ասել եմ, ուզում եք` արեք, այնպես չէ, որ ես պետք է դիմեմ Տարոնին»,- ասաց Շ. Հարությունյանը:

Նա աբսուրդ է համարում Մարգարյան Տարոնի այն խոսքերը, թե ինքը տեղյակ չի   եղել, որ խոսքը հենց իր մասին է: ՏԵղեկությունների համաձայն Մարգարյանը նման հայտարարություն է արել:  «4-5 գործ ստորագրես ու չիմանաս` սա աբսուրդ է: Պարզապես Տարոն Մարգարյանի պահվածքը խայտառակություն է, քանի որ նրա հայրը՝ Անդրանիկ Մարգարյանը, նույնպես քաղբանտարկյալ է եղել, անդամագրվել է իմ պապի ստեղծած «Ազգային միացյալ» կուսակցությանը: Իմ պապն էլ է քաղբանտարկյալ եղել, հայրս էլ է քաղբանտարկյալ: Պատմության մեջ Տարոն Մարգարյանը խայտառակ է լինելու նրանով, որ քաղբանտարկյալ Անդրանիկ Մարգարյանի որդին իր ցանկությամբ դատում է քաղբանտարկյալ Շահեն Հարությունյանի թոռանն ու Շանթ Հարությունյանի որդուն: Իսկ դա խայտառակություն է: Իսկ եթե դատարանը համարի, որ ես անմեղ եմ, ապա կստացվի, որ Տարոն Մարգարյանը դիմեց դատարան, բայց իրեն մերժեցին»,- նկատեց Շահեն Հարությունյանը:

Հավելենք, որ Շահեն Հարությունյանի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Փայլակ Ֆահրադյան