տուն Լուրեր Տարոն Մարգարյանը թաղապետներին ժամանա՞կ է տվել

Տարոն Մարգարյանը թաղապետներին ժամանա՞կ է տվել

88
0

taron-472x265

Երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, նշանակեց  մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ղեկավարների: Վարչական շրջանների ղեկավարների փոփոխություն տեղի չունեցավ: Պարոն Տարոն Մարգարյանը 12 վարչական շրջանների ղեկավարներին էլ վերանշանակեց իրենց պաշտոնում:

Նշենք, որ երեք վարչական շրջանների ղեկավարների փոփոխության մասին խոսակցություններ էին շրջանառվում դեռեւս մեկ ամիս առաջ:  Մասնավորապես, տեղեկությունների համաձայն` իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվելու էին Ավան, Քանաքեռ-Զեյթուն եւ Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարները: Օրեր առաջ տեղեկություններ շրջանառվեցին նաեւ այն մասին, որ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն էլ ցանկություն է հայտնել որդուն՝ Սերգեյ Լոքյանին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում տեսնել: Լոքյանը, ով Սերժ Սարգսյանի հետ բավական մտերիմ հարաբերությունների մեջ է, փորձել է որդու համար բարեխոսել: Araratnews.am-ի ունեցած տեղեկություններով` Լոքյանին «ստոպ» են տվել նախ այն պատճառով, որ որդին՝ Սերգեյ Լոքյանը, խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանից, եւ հետո` դաշնակցականները կարծիք են  հայտնել, որ գործող թաղապետ Հովհաննես Վարդանյանը՝ Լիդերը, դեռ իրենց պետք է, եւ նրան նեղացնելու կարիք չկա:

Նշենք, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրի ստորագրումից հետո, բացի նախարարական երեք եւ մարզպետի երեք պորտֆել ստանալուց, Դաշնակցությանը տրվել էր նաեւ Արաբկիր վարչական շրջանը: ՀՅԴ-ն էլ որոշեց թաղապետի պաշտոնում նշանակել Լիդերին, ով աշխատել է ուժային կառույցներում եւ հայտնի է իր երիտասարակական տարիների «արկածախնդրությամբ»: Խոսքն այն մասին  է, որ Վարդանյանը, ի նշան հավատարմության, իր ճկույթը կտրել եւ ուղարկել էր ներկայիս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

Մեզ հայտնի դարձավ, որ կադրային փոփոխություններ, ամեն դեպքում, նախատեսված են: Նշված  վարչական շրջանների թաղապետներ առաջիկայում կնշանակվեն նրանք, ովքեր  թե խորհրդարանական և թե Երեւանի ավագանու ընտրություններին աշխատել են ՀՀԿ-ի օգտին եւ ձայներ են բերել Հանրապետական կուսակցությանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Տարոն Մարգարյանը նեղ կռուգում ասել է, որ փոփոխությունների սկիզբը դրվելու է ամառային հանգստից հետո, երբ նոր թափով վերադառնան աշխատանքի: Իսկ այս ընթացքում հեռացող թաղապետներին հրահանգել է բացթողումները շտկել:

Ի դեպ, իրենց պաշտոններում վերանշանակված Քանաքեռ-Զեյթուն եւ Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարներ Արտակ Հանիսյանը և Արմեն Սարգսյանը ավագանու կազմում ընդգրկված չեն:

Փայլակ Ֆահրադյան