Ապրիլի 24-ից հետո քաղաքական միտքը պետք է ընթանա ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգի վերանայման ուղղությամբ, քանի որ հայեցակարգը ընդունվել է 2007–ին և արդնե ութ տարի է անցել, և մեր տարածաշրջանի քաղաքական քարտեզն Առաջին աշխարհամարտից հետո ձևափոխման միտում ունի: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» կուսկացության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Մեր հայեցակարգում ռազմավարության շատ կետեր այդպես էլ չի հաջողվել կյանքի կոչելˋ բացառությամբ մեկիˋ մեր բանակի: Մենք այսօր ունենք մարտունակ բանակ, փայլուն զինվորականներ, որոնց կյանքի գնով, ցավոք, հաջողվում է դրական արձագանքներ գրանցել ոլորտում»,-նկատեց պատգամավորը:
Անդրադառանլով Եվրոպական խորհրդարանի Ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանըˋ պատգամավորը նշեց, որ թեև քաղաքական հարթակների կողմից արվող նման հայտարարությունները շատ կարևոր են, բայց դրանցի հետո ևս մենք մի շարք քայլեր ունենք անելու. «Քաղաքական ճանաչումը միանգամից չի հանգեցնում փոխհատուցման գործընթացի: Խոսքը միայն նյութական և բարոյական հատուցման մասին չէ, որովհետև մենք ակնկալում ենք նաև տարածքների հարցը, բայց այս հարցը որպես մեր արտաքին դիվանագիտության բաղադրիչ, ընդունված և ամրագրված չէ օրենքներով»,-նշեց բանախոսը:
Վերջինս տեղեկացրեց նաև, որ ապրիլի 21-ին ԱԺ-ում տեղի կունենա արտահերթ նիստ, որում կընդունվի «Ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագիծը, որին կհաջորդի կոչը այլ երկրի խորհրդարաններինˋ ընդունել և դատապարտել Ցեղասպանությունը:
Վարդուհի Ստեփանյան