«Վարորդի կատարած խախտման համար տուգանում են տաքսի ըներկության տնօրենին: Սա աբսուրդ է: Երբ վարորդից ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում գումար գանձել՝ տուգանքը կիրառում են տաքսի ընկերության տնօրենի նկատմամբ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը:
Հղում անելով ՀՀ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքին, Վահագն Սահակյանը հիշեցրեց, որ տույժը դաստիարակման միջոց է, որը կարող է լինել տուգանքի, վարորդական իրավունքից զրկելու ձևով:
Եթե ինչ-ինչ պատճառներով օրենքն իր նպատակին չի ծառայում, ըստ պարոն Սահակյանի, տվյալ լիազոր մարմինը կարող է արգելել կատարել որոշակի գործողություն, այսինքն՝ զրկել վարորդական իրավունքից:
Նրա տեղեկություններով՝ մարտի 1-ից նոր մեթոդ են մշակում տուգանքների կիրառման հարցում, ըստ որի՝ տնօրինությանն այլևս հարցում չեն ուղարկելու, թե ով է եղել խախտում կատարողը, միանգամից տուգանքներն ուղարկում են տնօրենի անունով:
«Վարորդը կատարում է խախտում՝ «դաստիարակում են» տնօրենին: Հետո էլ էդ վարորդը գնում է մի ուրիշ ընկերություն, էնտեղ էլ խախտում է կատարում, հիմա էլ էն տնօրենին են «դաստիարակում» ու ստացվում է՝ տաքսի ընկերություններով ունենք «դաստիարակված տնօրեններ» ու «անդաստիարակ տնօրեններ»,- նշեց Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահը:
Իր պնդմամբ՝ դա և՛ օրենքի, և՛ մարդու իրավունքների կոպիտ խախտում է: