Այսօր ՀՀ Կառավարության նիստից հետո Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը պատասխանեց լրագրողների հարցերին, թե ինչու նա ազատվեց մարզպետի պաշտոնից:
«Անակնկալ չէր, եթե պետության իշխանությունները տեսնում են ինձ այս պաշտոնում, բնականաբար ես էլ պիտի այդ գործառույթները կատարեմ: Մենք քաղաքական թիմ ենք, և խնդիրներն իրականացնում է քաղաքական իշխանությունը: Ղեկավարությունը որոշեց, որ իմ պարտականությունները շարունակեմ Ջրային պետական կոմիտեում»,- ասաց Վահե Հակոբյանը:
Լրագրողների այն հարցին, թե իր կարծիքով Սուրիկ Խաչատրյանը կվերանշանակվի՞ Սյունիքի մարզպետի պաշտոնում, նա ընդամենը պատասխանեց, որ մոտ ապագայում կնշանակվի Սյունիքի մարզպետ:
«Ես չեմ տեսնում, որ անուններ տամ, դա իմ որոշման տիրույթից դուրս է: Ես չգիտեմ, թե Սյունիքի բնակչությունն այսօր ում է ուզում տեսնել մարզպետի պաշտոնում»,-ասաց Վահե Հակոբյանը: