տուն Լուրեր Սուր շնչառական հիվանդություններով վարակվածների մեծ մասը մինչև 3 տարեկան երեխաներ են

Սուր շնչառական հիվանդություններով վարակվածների մեծ մասը մինչև 3 տարեկան երեխաներ են

119
0

Այս շրջանում բավականին շատ են սուր շնչառական հիվանդություններով վարակվածները, չնայած հիվանդանոցներից պնդում են, որ այս իրավիճակը սեզոնային բնույթ է կրում:

Araratnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Մուրացան» հիվանդանոցային համալիրում առկա վիճակին` գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը նշեց, որ այժմ իրենց մոտ 126 սուր շնչառական հիվանդություններով վարակված հոսպիտալացված հիվանդ կա. «Հիմնականում մինչև 3 տարեկան փոքր երեխաներ են, իհարկե, ավելի մեծերն էլ կան, բայց նրանք ավելի քիչ են: Հիմնականում բոլորն այն վիրուսներով են վարակված, որոնք բնորոշ են այս սեզոնին»:

Բժշկի խոսքով` հիվանդների թվի ավելացումը սկսվել է դեռ նախորդ ամսվանից, սակայն համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, այս տարի թվերը գրեթե չեն աճել. «Այս տարի էլ, նախորդ և նախանցած տարի էլ թվերը գրեթե նույնն են, տատանումը շատ չնչին է եղել»:

Ինչ վերաբերում է այն տարածված կարծիքին, որ շնչառական հիվանդությունները հատկապես սրվում են այն ժամանակ, երբ այդ տարի ձյուն չի գալիս, մեր զրուցակիցը նշեց. «Այս շրջանում սուր շնչառական վարակներով հիվանդությունների դեպքերը կապել այն հանգամանքի հետ, որ ձյուն չի գալիս, ճիշտ չի լինի: Հստակ որևէ օրինաչափություն չկա, որ պատճառը դա կարող է լինել: Ձյուն եկած ժամանակ էլ են հիվանդացել, չեկած ժամանակ էլ»:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկաբուժության գծով փոխտնօրեն Ալլա Հարությունյանը ևս մեզ հետ զրույցում ընդգծեց, որ շնչառական հիվանդությունների ավելացումը կապված չէ ձյան չգալու հետ, սակայն հավելեց, որ ցածր ջերմաստիճանի դեպքում վիրուսների ակտիվությունը նվազում է. «Ինչպես մյուս տարիներին այս սեզոնին, այնպես էլ այս տարի բացառություն չեղավ, հատկապես երեխաների մոտ սուր շնչառական վարակների ակտիվություն է նկատվում: Նորմալ վիճակ է, նույնիսկ այս տարի ավելի հանգիստ է այն առումով, որ հիվանդների վիճակը ծանր չէ»:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից էլ տեղեկացնում են, որ իրենց մոտ նշված վարակներով հիվանդներ այս տարի գրեթե չկան:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ներկայումս մայրաքաղաքի հիվանդանոցներում կան 360 հոսպիտալացված հիվանդներ, որոնց մեծ մասը 0-2 տարեկան երեխաներ են: Նաև նշվում է, որ ծանր դեպքեր չկան, և իրավիճակը վերահսկելի է:

ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ