ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը Tert.am-ի հետ զրույցում ընդգծում է, որ ստվերի կրճատման և բիզնես միջավայրի բարելավման հաշվին պլանավորված է 35 մլրդ դրամ բյուջե մուտք ապահովել։ Անդրադառնալով տարեցտարի նախատեսվող տնտեսական աճի հետևողական նվազմանը, փոխնախարարը նշեց, թե նշաձողը ցածրանում է, ոչ թե այն պատճառով է, որ չեն կարողանում տարվա վերջում նշված աճն ապահովել և ապահովագրում են իրենց, որպեսզի Կառավարության հրաժարականի պահանջ չլինի, այլ որովհետև կապված շատ միտումների հետ՝ հնարավոր չէ հստակ ասել, ինչ կլինի վաղը:
-Պարո՛ն Սաֆարյան, տարեցտարի նախատեսվող տնտեսական աճը շարունակ նվազում է, եթե 2013թ-ին Կառավարությունը կանխատեսել էր 6,2%, իրականացվել 3,5%, 2014 թ.–ի պետբյուջեում ՀՆԱ–ի աճի ցուցանիշը նշված էր 5,2%, իսկ 2015թ-ի համար էլ նախատեսել եք 4,1% տնտեսական աճ: Ինչո՞ւ եք այսպես հետևողականորեն իջեցնում նշաձողը, այն պարագայում, երբ խոստացվել է տնտեսական քաղաքականությունը փոխել, ստվերը կրճատել, բիզնես միջավայրը բարելավել։
-Այդ կանխատեսումները կարող են երկու օրվա մեջ փոփոխվել, տնտեսագիտական կանխատեսումները դրանք գուշակումներ չեն, որ ասենք լավ գուշակ ենք, թե ոչ: Կանխատեսումները կապված են միտումների հետ, կապված են իրավիճակների հետ և կան շատ միտումներ, որոնք հնարավոր չէ հստակ ասել: Եթե դուք հետևում եք համաշխարհային տնտեսությանը, ձեր մեջ ինչո՞ւ հարց չի առաջանում, որ օրինակ Ռուսաստանում տնտեսական աճի վերաբերյալ անցած ամիս երկու, թե երեք անգամ եղավ տարբեր ցուցանիշներ. սկզբից ասացին, թե 2% կարող է լինի աճ, հետո ասեցին, 0% կարող է լինել, հետո ասացին, թե հնարավոր է նույնիսկ մինուս լինի: Հիմա Ձեր մոտ ինչո՞ւ հարց չառաջացավ, թե ոնց եղավ՝ մի ամսվա մեջ այդքան փոփոխական կանխատեսումներ եղան։ Հիմա ասում եք 2013թ-ին կանխատեսում էր արվել, հետո չի ապահովվել: Ի՞նչ է, հնարավոր էր կանխատեսել, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև կոնֆլի՞կտ կլինի, ասենք 2014թ-ին մարտ ամսին, և դրա հետևանքով սանկցիանե՞ր կկիրառեն Ռուսաստանի նկատմամբ և դա կազդի Ռուսաստանի տնտեսության աճի վրա և դա էլ իր հերթին կանդրադառնա Հայաստանի աճի վրա:
-Գուցե դա նրանից, է, որ նախապես մեծ թվեր չեն կանխատեսում, որպեսզի, ինչպես եղավ նախկին Կառավարության ժամանակ, այդ աճը ապահովել չկարողանալու դեպքում խուսափեն հրաժարական հնարավոր պահանջից։
-Գիտեք այդ հրաժարական պահանջելն ամենահեշտ բան է, առավել ևս երբ մարդ չի մտածում, իսկ կարելի է նույն տրամաբանությամբ երեխաները գնան տուն ու իրենց հոր հրաժարականը պահանջեն, թե ինչո՞ւ չենք ապրում, ինչպես ամերիկացի երեխաներն են ապրում: Հրաժարական պահանջելը պետք է տրամաբանական լինի, երբ կարելի է պահանջել հրաժարական, երբ որ Կառավարությունը խոստանում է 10% աճ կապահովեմ, բայց իր գործունեությամբ չի նպաստում այդ 10% աճին, այդ ժամանակ կարելի է պահանջել, բայց եթե օրինակ՝ Հայաստան եկող տրանսֆերտները նվազում են, մարդիկ չեն կարողանում ուզած չափով տրանսֆեր ուղարկել, դա տնտեսական աճի վրա ազդում է, օրինակ՝ 0,5 մլրդ դոլար տրանսֆերտների պակաս է այս վեց ամսվա ընթացքում տեղի ունեցել, դա ազդում է Հայաստանի տնտեսության վրա ու գնաք ասեք՝ Կառավարությո՛ւն, հրաժարակա՛ն տուր, Ձեր արածը տրամաբանական կլինի՞: Ասենք այս Կառավարությունը հրաժարական տվեց, ուրիշ Կառավարությունն ի՞նչ միսիա ունի, որ Ռուսաստանից եկող տրանսֆերտները չպակասեն:
— Հիմա, երբ 4,1% է կանխատեսվել 2015թ-ի տնտեսական աճը, դրա մեջ հաշվի առնվե՞լ է , որ Ռուսաստանի նկատմամբ սանացիաներ են կիրառվել:
-Քանի որ դա այժմյան վերջին թիվն է, անպայման հաշվի է առնված: Մի բան հաշվի չի առնված՝ ԵՏՄ-ին անդամակցելը, իրավաբանական պատճառով, որովհետև եթե հաշվի առնեինք, դա պլյուս լիներ, թե մինուս լիներ, այդ համաձայնագիրը Ազգային Ժողովում դեռևս հաստատված չէ, այդ դեպքում ԱԺ-ն կասեր՝ այ Կառավարություն, ես դեռ չեմ հաստատել, գուցե, որոշեմ չմտնել, ինչի՞ եք հաշվի առել դա։
Մանրամասները՝ tert.am-ում: