Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին մեկամսյա ժամկետում բենզինի, դիզվառելիքի եւ այլ վառելանյութերի վաճառքի ոլորտում չարաշահումների վերացման եւ որակի վերահսկողության գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով ՀՀ Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն` ըստ վառելիքի տեսակների համապատասխան թույլտվությունների հստակ տարանջատման վերաբերյալ՝ հաշվի առնելով հանրապետության ներքին շուկայում դրանց սպառման փաստացի կառուցվածքը:
Նիստից հետո տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք այդ հանձնարարականը կապ ունի՞ Կարեն Կարապետյանի այն հայտնի հայտարարության հետ, որ ապրիլյան պատերազմի օրերին ռազմական տեխնիկան որոշ դեպքում չի գործել վատորակ նավթամթերքի պատճառով:
Նախարարն ասաց, որ, այո, վարչապետի հայտարարությունն ու այսօր տրված հանձնարարականը կապ ունեն իրար հետ:
«Մենք այդ հանձնարարականը ժամկետների մեջ կուսումնասիրենք եւ կառավարություն առաջարկություններ կներկայացնենք»,- նշեց Կարայանը:
Նախարարը, սակայն, չհամաձայնեց պնդման հետ, որ տարիներ շարունակ վատորակ նավթամթերք է ներմուծվել հանրապետություն:
«Ստուգումներն իրականացվելու են մանրածախ շուկայում»,- հավելեց նախարարը՝ պնդելով, որ ներմուծելիս որակի հետ կապված խնդիրներ չկան:
Մանրամասները` տեսանյութում: