Ստորագրվեց Երևանի տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման համաձայնագիրը Նոյեմբերի 13-ին ստորագրվեց Երևան քաղաքի տարածքում 250 մեգավատտ հզորությամբ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ «Փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագիրը» և «Փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագրին» հավելյալ համաձայնագիրը: Այս մասին հայտնում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:
Համաձայնագրերը ստորագրեցին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, Ռենկո ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին և Արմփաուեր ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Քրիստիան Կուկուռակին։ Ստորագրման արարողությանը ներկա էր նաև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ Ստորագրման արարողությանը հաջորդեց մամուլի ասուլիս: 250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ներդրումային ծրագրում ներգրավված են իտալական Ռենկո, իտալական պետական Սիմեստ ու գերմանական Սիմենս ընկերությունները։