տուն Լուրեր Ստոկհոլմում նշել են ՀՀ-ի և Շվեդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը

Ստոկհոլմում նշել են ՀՀ-ի և Շվեդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը

103
0

22

Ստոկհոլմում տեղի են ունեցել Հայաստանի և Շվեդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումներ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ստոկհոլմի հռչակավոր Վասա թատրոնում, որը երկարամյա վերանորոգումից հետո նոր է բացել դռները հանդիսատեսի առջև, կայացել է &«Forceful feelings» հայկական բալետային համույթի ներկայացումը Ստոկհոլմի թագավորական բալետի, Բավարիայի և Բեռլինի պետական բալետների հայ և օտարազգի մենակատարների մասնակցությամբ։

Շվեդահայ համայնքից փոխանցմամբ, կատարվել են շվեդ, հայ և համաշխարհային այլ նշանավոր խորեոգրաֆներ Մաթս Էկի, Նաչո Դուատոյի, Արսեն Մեհրաբյանի, Յիրի Բուբենիչեկի, Դասթին Քլայնի, Յոհան Ինյերի և այլոց ստեղծած բալետային համարները։

Ներկայացումից առաջ հայ-շվեդական պատմական առնչությունների և  քառորդդարյա միջպետական հարաբերությունների վերաբերյալ ընդգրկուն ելույթով հանդես է եկել ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը։ Նա ներկայացրել է հայ-շվեդական քաղաքական երկխոսության, տնտեսական կապերի, կրթամշակութային փոխանակումների առաջընթացը դիվանագիտական հարաբերությունների կնքումից ի վեր։

Շվեդական կողմից ելույթ է ունեցել Թագավորական արքունիքի գլխավոր արարողապետ, Հայաստանում Շվեդիայի նախկին դեսպան Յոհան Մոլանդերը,
որն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի մշակութային հարուստ ժառանգությանն ու պատմական անցյալին, Հայաստան-Շվեդիա հարաբերություններին, վստահություն է հայտնել, որ դրա էլ ավելի զարգացմանը խորապես նպաստի Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ ու ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրումը և իրագործումը։

Հանդիսավոր արարողությանը և բալետային ներկայացմանը ներկա էին շուրջ երեք տասնյակ դեսպաններ, բազմաթիվ պատգամավորներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, դիվանագետներ, մամուլի ներկայացուցիչներ, շվեդահայ համայնքի անդամներ:

Թատրոնի նախասրահում հյուրերը կարող էին ծանոթանալ լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Պատմություններ ճանապարհից» շարքի մի շարք լուսանկարների։

Հունիսի 21-ին Ստոկհոլմում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի է ունեցել Դավիթ Հակոբյանի «Պատմություններ ճանապարհից» շարքի ամբողջական ցուցադրությունը և հանդիպում նկարչի հետ։ Ցուցահանդեսի բացմանը դեսպան Ապիտոնյանը ներկայացրել է լուսանկարչին, նրա անհատականացված մոտեցումները նույնիսկ խիստ արարողակարգային իրավիճակներում։ Այնուհետև Դավիթ Հակոբյանը ներկայացրել է  որոշ լուսանկարների ստեղծման պատմությունները, պատասխանել է  ներկաների հարցերին։