տուն Լուրեր Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի վերականգնողական աշխատանքները կտևեն ավելի քան 10 օր

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի վերականգնողական աշխատանքները կտևեն ավելի քան 10 օր

104
0

Verin-Lars

Հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի և Թերեք գետի վարարման պատճառով հունիսի 23-ից  փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը։

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացրել են, որ ստեղծվել է օպերատիվ խումբ, որը, տեղում ուսումնասիրելով   իրավիճակը,   հայտնել է, որ  ճանապարհի վերականգնողական աշխատանքները կտևեն ավելի քան 10-ը օր:

Նշենք, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը մշտապես կապի մեջ է բոլոր փոխադրող ընկերությունների հետ, նախարարության կողմից նրանց առաջարկվել է օգնություն, օժանդակություն, նաև՝ փոխադրումը լաստանավերով շարունակելու  Փոթիի և Բաթումիի նավահանգիստներից։

Մեր ունեցած տեղեկություններով՝ երեկվա դրությամբ Բաթումիից դեպի Նովոռոսիյսկ է  ուղևորվել 100 ավտոմեքենա տարողությամբ լաստանավ, որի վրա շուրջ 55 մեքենա հայկական համարներով է եղել:

Փոթիի նավահանգստից պատրաստվում է շարժվել ևս մեկ լաստանավ՝ 50 ավտոմեքենա տարողությամբ:

Փչացող բեռներով բոլոր ավտոմեքենաները Լարսից  արդեն շարժվել են դեպի Բաթումիի և  Փոթիի նավահանգիստներ։

Այն փոխադրողները, ովքեր  հրաժարվել են  լաստանավով շարունակելու ճանապարհը, Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի և ոստիկանության աշխատակիցները  ուղեկցել են դեպի անվտանգ կայանատեղիներ:

Ներկայում ինտենսիվ աշխատանքներ են ընթանում ճանապարհն օր առաջ բացելու ուղղությամբ։ Վրաց ճանապարհաշինարարներին հաջողվել է գետի հունը մի փոքր փոխել, ինչը հուսադրող է, և հնարավոր է, որ այսօրվա ընթացքում արդեն սկսվեն ճանապարհի վերականգնման աշխատանքները։

Այդ մասին  առավել հստակ տեղեկատվություն հնարավոր կլինի ներկայացնել  վաղը։
Նշենք նաև, որ «Սպայկա» ընկերությունում գործում է թեժ  գիծ՝
(010) 44-44-70, (060) 70-44-44 հառախոսահամարներով.

Այս հեռախոսահամարներով զանգահարելով՝ դուք կարող եք տեղեկատվություն ստանալ լաստանավով բեռներ տեղափոխելու հնարավորությունների վերաբերյալ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն