Սպառողական գների ինդեքսը հանդիսանում է ՀՀ տնտեսության կարևոր ցուցանիշներից մեկը: Մարդկանց մշտապես անհանգստացնող գործոններից է սպառողական բարիքների միջին գինը, որով նրանք ձեռք են բերում այս կամ այն ապրանքը: Սպառման միջին գինը կամ կյանքի արժեքը չափելու համար մակրոտնտեսագետները օգտագործում են սպառողական գների ինդեքսը (consumer price index): Վերջինս գոյություն ունի 1971թվականից և հրապարակվում է ամսական կտրվածքով:
2015 թվականի հունիսին մայիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1,4% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների գների 3.0% նվազմամբ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 2.7%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.6%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.1% հավելաճ:
2015 թվականի հունիսին 2014 թվականի դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 100.0%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 97.6%, ոչ պարենային ապրանքներինը` 104.1%, ծառայությունների սակագներինը` 101.1%: 2015թվականի հունիսին 2014թվականի հունիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.5%:
Նշենք, որ սույն թվականի հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրված պարենային ապրանքների 3.0% գնանկումը պայմանավորված է բանջարեղենի և կարտոֆիլի` 30.9%, ձվի` 7.4%, հացամթերքի 0.1% գնանկումով, ինչպես նաև մսամթերքի 0.6% և ձկնամթերքի 1.4% գնանկումով: Ինչ վերաբերում է բանջարեղենին, ապա, պայմանավորված սեզոնային բնույթով, հունիս ամսին մայիսի համեմատ նկատվել է լոլիկի` 63.7%, կանաչ պղպեղի` 60.2%, կանաչ լոբու` 58.6%, կաղամբի` 55.5%, կանաչ սոխի 30.2% գնանկում: Սույն թվականի հունիսին մայիսի համեմատ վարունգի գինը նվազվել է 24.6%-ով, սխտորինը` 19.7%-ով, խառը կանաչեղենինը` 14.6%-ով, սմբուկինը` 10.7%: Ընդ որում նշենք, որ մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նախորդ ամսվա համեմատ նվազել են 31.9%-ով:
Ինչ վերաբերում է հացամթերքի գների նվազմանը, ապա ՀՀ-ում հացամթերքի արտադրությունը չի բավարարում ներքին պահանջարկը, ուստի մեր երկիրը հանդիսանում է այս ապրանքախմբի զգալի մասի ներկրող, հետևաբար վերջինիս գնի փոփոխությունը կախված է համաշխարհային շուկայի գներից, սա իր հերթին վկայում է այն մասին, որ համաշխարհային գների թեթև շեղումը անմիջապես իր ազդեցությունը կունենա հայաստանյան շուկայի վրա:
Հաշվի առնելով ցորենի համաշխարհային գնի նվազման հանգամանքը` կարող ենք բացատրել հացամթերքի գնի նվազումը հայաստանյան շուկայում:
Պարենային ապրանքների գների նվազումը պայմանավորող գործոններից են նաև ձկնամթերքի և մսամթերքի գների նվազումը: Հայաստանից արտահանվող ձկների և խեցգետինների, այլ ծովային անողնաշարավորների զգալի մասը ուղղվում է Ռուսաստանի Դաշնություն, քանի որ վերջին ժամանակներում այնտեղ նկատվել է ձկան գնի նվազման միտում, դա է պատճառը, որ Հայաստանյան շուկայում ձկնամթերքի առաջարկի մակարդակն աճել է` պայմանավորված արտահանման ծավալների կրճատմամբ, իսկ այդ աճը հանգեցրել է վերջինիս գնի նվազմանը:
Անդրադառնալով ոչ պարենային ապրանքներին` կարող ենք նշել, որ 2015 թվականի հունիսին մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցված 0.6% գնանկումը մեծապես պայմանավորված է մշակույթի ապրանքների` 3.3%, հագուստի և գործվածքի՝ 2.7%, վառելիքի` 2.2%, կոշկեղենի 0.9% գնի նվազմամբ: Ընդ որում հավելենք, որ կահույքի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Հագուստի և գործվածքների, կոշկեղենի գնանկման հետ կապված պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այդ արտադրատեսակների պատրաստման համար անհարժեշտ հումքի հիմնական մասը ներկրվում է, ու դրանով պայմանավորված գնային տատանումները կապված են արտաքին շուկայում տեղի ունեցող փոփոխություններով: Հանրապետության դիտարկված վեց քաղաքներում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.9-0.1%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում):
Ծառայությունների ոլորտում սակագների հավելաճը հիմնականում պայմանավորվել է կենցաղային բնույթի՝ 0.2%, բուժսպասարկման՝ 0.6%, տրանսպորտի 0.8%, իրավական ու բանկային՝ 2.0%, մշակույթի ոլորտի՝ 2.4% ծառայությունների սակագների հավելաճով:
Աննա Հովհաննիսյան