ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2015 թվականին մոնիթորինգ է անցկացրել ձկնաբուծության, ձկան կերի, մսամթերքի արտահանման, սահմանային հսկիչ անցակետերում արտահագուստ ունենալու անհրաժեշտության, մանկապարտեզներում սննդի անվտանգության և մի շարք այլ ոլորտներում:
Հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի պետ Արմեն Հայրապետյանը:
«Բավական լուրջ աշխատանք է տարվել մանկապարտեզներում: Ստուգվել է շուրջ 250 մանկապարտեզ, և ՏԻՄ-երի հետ փնտրում ենք հնարավորություններ, որպեսզի վերացնենք այդտեղ սննդի անվտանգության ոլորտում առկա թերությունները»,- նշեց ծառայության պետը:
Անդրադառնալով ձկնաբուծության ոլորտին` նա պարզաբանեց. «Վերջին տարիների ընթացքում Հայաստանում ձկնաբուծության արտադրանքի սպառումը նվազել է, և այդ խնդիրը վերացնելու համար ՍԱՊԾ-ը փորձում է անել հնարավորը, որպեսզի ԵԱՏՄ-ում մեր ձուկն սպառվի: Ձկան կերի պատճառով մենք չէինք կարողանում ձուկ արտահանել հարևան երկրներ, քանի որ այդ կերը չէր համապատասխանում եվրոպական ստանդարտներին:
Այժմ հնարավորություն կա հումք արտահանել նաև արաբական երկրներ»,- նշեց Հայրապետյանը` հավելելով, որ Սննդի անվտանգության պետական ծառայությունը 2016 թվականի համար գերակա խնդիր է համարում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման գործընթացն ու բրուցելոզի դեմ պայքարը:
Հայրապետյանը կարևորեց 2014թ.-ի նոյեմբերից ՍԱՊԾ-ի և Անասնաբուժության տեսչության կողմից այն հնարավորության ստեղծումը, որպեսզի ջերմային մշակում անցած հայկական մսամթերքն արտահանվի, որից հետո կարգավորվի նաև բաստուրմայի և սուջուխի արտահանման հարցը: Ծառայության պետը տեղեկացրեց նաև, որ այսուհետ բոլոր սահմանային հսկիչ կետերում ծառայողները, օրենքով հաստատված կարգով, կկրեն համազգեստ: