Սիսիանի «Գետափ» թաղամասում վերջին օրերին ջրի խնդիր է առաջացել:
Բնակիչները դժգոհում են անբավարար ճնշումից: Մինչդեռ նման բան չպետք է լինի, քանի որ մեծ հաշվով քաղաքում ջուր կա, տարածաշրջանը հայտնի է իր ջրառատ աղբյուրներով:
Խնդրի լուծման նպատակով ներկայում «Վեոլիա ջուր» ընկերության շահագործման եւ առեւտրային ծառայություններն իրականացնում են համապատասխան միջոցառումներ եւ՛ ջրի կորստի դեմն առնելու, եւ՛ ջրի վաճառքն ու հաշվառումը կանոնավորելու նպատակով:
Թաղամասում իրականացված ստուգումների արդյունքում պարզ է դարձել, որ այստեղ հարյուրավոր հողակտորներ ապօրինաբար ոռոգվում են խմելու ջրով: Ապօրինաբար՝ որովհետեւ հայտնի չէ, ովքեր են դրանց սեփականատերերը: Իրավական առումով այդ հողակտորները դեռեւս համայնքապետարանինն են եւ չկա ապօրինության հեղինակին պատասխանատվության կանչելու հնարավորություն:
Ըստ «Վեոլիա ջուր» ՓԲԸ «Արեւելք» տարածաշրջանային փոխտնօրեն Սպարտակ Մկրտչյանի՝ խնդիրը նոր չէ: Սակայն այս տարի խմելու ջրով ոռոգումը այնպիսի ծավալներ է ընդունել, որ հանգեցրել է բնակիչների կայուն ջրամատակարարման խաթարմանը: Իրավիճակը շտկելու նպատակով, թաղամասում վերջին օրերին համատարած ստուգումներ են իրականացվում, ապամոնտաժվում են այն «ձախ» ջրագծերը, որոնք տեխնիկական առումով հնարավոր է հընթացս կտրել, իսկ մյուսները կխցափակվեն օրերս՝ նախատեսված պլանային ջրանջատման ժամանակ:
Այդ ընթացքում տեսախցիկը տարածքում արձանագրեց տասնյակ խնամված այգիներ ու բանջարանոցներ, որոնք գտնվում են բարձրահարկերի հարեւանությամբ եւ ակնհայտորեն մշտապես ոռոգվում են: Ստեղծված իրավիճակում թերեւս բնական պետք է համարել ջրի անբավարարությունը թաղամասում:
Ցավոք, օգնելու փոխարեն, որոշ բնակիչներն իրենց վրդովմունքն էին արտահայտում «Վեոլիա Ջուր» ընկերության գործողություններից, համոզված, թե խնդրի լուծումը ոչ թե ջրի արդյունավետ օգտագործումն է, այլ քաղաքին դրա է՛լ ավելի մեծ քանակությամբ մատակարարելը, որպեսզի եւ՛ տանը ջուր ունենան, եւ՛ այգիները ջրեն:
Մինչդեռ ակնհայտ է, որ անհրաժեշտ է ջրի հաշվառում եւ ջրաչափերի տեղադրում ոռոգվող հողատարածքներում, որը կբացառի բնակիչների կողմից ջրի անխնա եւ անհարկի վատնումը, ինչը, ցավոք, այստեղ տարածված երեւույթ է:
Վեոլիա ջուր ՓԲԸ Մարզերի տարածաշրջանի առեւտրային տնօրեն Վահագն Մանանդյանն ասում է, որ այն բնակավայրերում, որտեղ առկա է խմելու ջրի բավարար պաշար, ընկերությունն իրավասու է այն վաճառել բնակիչներին՝ ոռոգման նպատակով՝ խորանարդ մետրը 11 դրամով: Սիսիանը դրանց թվում է եւ բաժանորդները պետք է գործեն օրենքին համապատասխան՝ դիմելով «Վեոլիա ջուր» ընկերությանը:
Ի դեպ, արդեն իսկ շուրջ 6 տասնյակ բնակիչ-բաժանորդներ այստեղ ջրաչափ են տեղադրել եւ պայմանագիր կնքել «Վեոլիա Ջուր» ընկերության հետ՝ սպառած ջրի դիմաց վճարելու պայմանով: Նրանք այլեւս խնդիր չունեն: Հերթը մյուսներինն է:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում արդեն որոշակիորեն բարելավվել է ջրամատակարարումը «Գետափ» թաղամասում: Աշխատանքներն քաղաքում շարունակվում են, իսկ թե դրանք որքան արագ ավարտին կհասնեն, զգալիորեն կախված է ողջ համայնքին հուզող խնդրին քաղաքապետարանի ու բնակիչների կառուցողական մոտեցումից: