Սիրիայի հետ կապված մեր քաղաքական նպատակը աջակցելն է Սիրիայի հայ համայնքին՝ այնտեղ խաղաղությունն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Արմեն Աշոտյանի հարցին, թե Սիրիա ուղարկվող հայկական խումբը ո՛ւմ կամքով է գնում, դա Հայաստանի նախաձեռնությո՞ւնն է, թե՞ ռուսական կողմն է հերթական անգամ նման խնդրով դիմել հայկական կողմին:
«Մեր նպատակն է, որ հայ համայնքը լինի խաղաղ, և դա բացառապես հումանիտար առաքելություն է և որևէ ռազմական նշանակություն չունի: Եվ այդ ծրագիրը մենք կիրականացնենք Հայաստանի Հանրապետության բյուջեով նախատեսված շրջանակում: Բնականաբար, մենք այդ ամեն ինչը նախատեսել ենք, որպեսզի պատշաճ ձևով իրականացվի: Ես շատ կարևոր եմ համարում արձանագրումը, որ այդ առաքելությունն ունի բացառապես հումանիտար նշանակություն, և այդ հումանիտար առաքելության հասցեատերը Սիրիայի հայ համայնքն է, կոնկրետ՝ հալեպահայությունը, որովհետև այսօր, ինչպես և նախկինում, հայության մեծամասնությունը կենտրոնացած է Սիրիայում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով հարցին, թե ո՛վ է առաջարկել իրականացնել այդ առաքելությունը, Փաշինյանն ասաց, որ տարբեր քննարկումների ժամանակ ծագել է գաղափար, որ մենք էլ մեր ներդրումն ունենանք և հալեպահայերի համար ստեղծենք խաղաղ պայմաններ: