«Տարածաշրջանային զարգացումներն ընթանում են չափազանց արագ: Ինչ կարելի է հստակ ասել, որ ամենայն հավանականությամբ ՆԱՏՕ-ն կընդլայնվի: Վարշավայում Մոնտենեգրոն կստանա ՆԱՏՕ-ի անդամակցություն, մեր հարևան Վրաստանը չնայած իր մեծ ցանկություններին, անդամակցության պլան չի ստանա, բայց կարծում եմ հատուկ ձևակերպում կլինի Վարշավայում Վրաստանի վերաբերյալ»,- այսօր «ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններ. հեռանկարներն Վարշավյան գագաթաժողովին ընդառաջ» սեմինար- քննարկման ժամանակ նշեց Դավիթ Շահնազարյանը: Նրա խոսքով հատուկ բանաձև կլինի Ուկրաինայի վերաբերյալ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը ևս մեկ տարով երկարաձգել է պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ:
Անդրադառնալով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, Շահնազարյանն ասաց, թե ՆԱՏՕ-ի անդամ երկրները,, ըստ էության չունեն Սիրայի վերաբերյալ մշակված բանաձև: Շահնազարյանը տեսակետ հայտնեց, որ ինքը լավատես չէ, որ տարածաշրջանում հրադարար կլինի, այն էլ երկար ժամանակով: «Հիմա Սիրայի շուրջ ճգնաժամն ավելի բարդ է, քան Կարիբյան ճգնաժամի ժամանակ: Ցավոք, Սիրայի շուրջ իրավիճակն այնքան խճճված է, որ անգամ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն էլ ամեն ինչ անեն, ու Սիրայի ճգնաժամը լուծվի, բավարար չէ, քանի որ խաղացողները շատ են: Չկա կոնսենսունս այն հարցի շուրջ, թե որ կազմակերպություններն են ահաբեկչական, որոնք ոչ»:
Դ. Շահնազարյանն ասաց, թե առանձին անդրադադարձ կլինի նաև Ռուսաստան – Թուրքիա առճակատման վերաբերյալ: Եզրափակելով՝ Շահնազարյանը հույս հայտնեց, որ Հայաստանը լավագույնս մասնակցություն կունենա Վարշավայի գագաթնաժողովին: