Լրագրող Վասակ Դարբինյանն առաջիկայում պատրաստվում է գիրք հրատարակել, որը գրել է Վանո Սիրադեղյանի մասին: Այսօր նա իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է գրքից մի փոքրիկ հատված.
«Ռադիոտնից թեքվեց աջ, Չարենցով սլացավ վեր, ապա դանդաղեցրեց ընթացքը, գազանանոցի ճանապարհով դանդաղ բարձրացանք, թեքվեցինք դեպի Նորքի զանգվածներ:
Ի վերջո հարցրի՝ ուր ենք գնում: Մեկ չի՞, ասաց: Հա, մեկ է, ասացի, մանավանդ էն մարդու ավտոյին խփելուց հետո:
— Դե լավ,- ասաց,- առանձնապես բան չեղավ: Համ էլ՝ ինչ տարբերություն, առանց էդ էլ դեն գցելու ավտո էր…
— Բայց կասե՞ս՝ ինչու խփեցիր,- համառորեն չէի հասկանում ես:
Ճուտը հասավ մեր ետևից, մի պահ մոտեցավ, հասկացրեց, որ ամեն ինչ կարգին է, ապա փոքր-ինչ ետ մնաց:
Ջրվեժն անցանք, կանգնեցինք Չարենցի կամարի մոտ: Իջնենք, ասաց: Ձյուն կար շրջակայքում: Ցուրտ էր: Մայրամուտ էր,- նարնջագույն, արնակարմիր, կապույտ, սպիտակ, դեղին, գորշի ու սևի խառնուրդ, անհաշվելի-անանուն այլ երանգներ, երկրի սառը շնչից հեռու անսահմանություն, անսահման հեռու երկնքի տակ՝ մեռյալ հավերժություն:
— Հիմա զգո՞ւմ ես՝ ինչու է Չարենցն էդքան հզոր… Էդքան հանճարեղ,- ասաց:
Երկար նայում էինք մեր դեմ փռված տեսարանին, շքեղ, սահմռկեցուցիչ մայրամուտին: Հորիզոնից կախված և անդունդ գլորվող արևի հսկա գնդին, մինչև որ անհետացավ»: