Այս տարվա հունվարի 1-ից թանկացել են բենզինի և դիզվառելիքի գները: Բենզինը թանկացել է մեկ լիտրը 20 դրամով, դիզելային վառելիքը՝ 60 դրամով: «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի ղեկավար Բաբկեն Պիպոյանն Ararartnews.am-ի հետ զրույցում ասաց, որ սա անսպասելի չէր եւ պայմանավորված էր ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցելով:
Հիշեցնենք՝ ԵԱՏՄ-ում 2018 թվականից այլևս չեն գործի Հայաստանի համար մի շարք ապրանքատեսակների համար սահմանված մաքսային արտոնությունները:
Այսինքն՝ հաջորդ տարվանից երրորդ երկրներից ներկրված շուրջ 759 անուն ապրանք կմաքսազերծվի ԵԱՏՄ-ում գործող միասնական դրույքաչափերով:
ՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ դիզվառելիքի թանկացման պատճառով կթանկանան այն ապրանքները, որոնց ինքնարժեքում բենզինն ունի տեսակարար բարձր կշիռ: ՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ այս տարի կթանկանան նաև սիգարետն ու սննդամթերքը: «Եթե միջազգային շուկայում գնային փոփոխություն չլինի, ապա այս թանկացումները կպահպանվեն այս տարի»,- ասաց պրն Պիպոյանը:
Կառավարությունը, ըստ Պիպոյանի, այս թանկացումներից հետո պետք է քիչ ոգեւորվի իր հայտարարած պաշտոնական թվերով եւ մտածի, թե ինչպես է բարելավելու քաղաքացու կյանքը՝ ավելացնելու նրա եկամուտները:
Սոնա Դավթյան