տուն Լուրեր Շվեդիան խուսափում է պատասխանատվությունից. Դավիթի հարազատների հույսը ՄԻԵԴ-ն է

Շվեդիան խուսափում է պատասխանատվությունից. Դավիթի հարազատների հույսը ՄԻԵԴ-ն է

191
0

մարկ սաֆարյան

Ամիսներ առաջ անդրադարձել էինք Շվեդիայի Օրեբրո քաղաքում մահացած Դավիթ Բարսեղյանի գործին:  Դավիթ Բարսեղյանը մահացել էր 2017-ի փետրվարի 6-ին: Ընդամենը չորս օրով էր 32-ամյա երիտասարդըը մեկնել Շվեդիա: Ըստ հարազատների` Դավիթի առողջական վիճակը կտրուկ վատացել է, որի պատճառով նրա երկու ընկերները ցանկացել են ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց, սակայն նրանց ճանապարհը փակել են տեղի ոստիկանները, իջեցրել ավտոմեքենայից: Այդ պահին Դ. Բարսեղյանը կորցրել է գիտակցությունը, վայր ընկել ոստիկանների աչքի առաջ, որից հետո մի կերպ բարձրացել է, հենվել սյանը, սկսել փսխել: Այդ ընթացքում նրա հետի երկու տղամարդիկ անընդհատ նշել են, որ անհապաղ շտապօգնություն կանչեն, մարդը շատ վատ է զգում, սակայն ոստիկանները շտապօգնություն  չեն կանչել, անգամ չեն թողել, որ ընկերները մոտենան և օգնեն, հայհոյանքներ են տվել: Դրանից հետո երկու ոստիկան մտել է Դավիթ Բարսեղյանի թևերը, տարել ոստիկանության բաժնի մեկուսարան, որտեղ նույնպես որևէ բուժաշխատող չեն հրավիրել: Մոտ մեկ ժամ անօգնական վիճակում մնալով` Դ. Բարսեղյանը մահացել է:

Գրել էինք, որ Դավիթ Բարսեղյանի հարազատների ու Salmi & Partners փաստաբանական ընկերությունը սպասում է  Շվեդիայի ոստիկանության հատուկ քննչական մարմնի  վերջնական պատասխանին: Այսօր Araratnews.am-ը  Salmi & Partners փաստաբանական ընկերության շվեդաբնակ փաստաբան Մարկ Սաֆարյանից տեղեկացավ, որ Շվեդիայի ոստիկանության հանձնաժողովը  վերջնական եզրակացություն է տվել,  ըստ որի՝ Դավթի Բարսեղյանի մահվան համար Շվեդիայի ոստիկանությունը  մեղավոր չէ: Փաստաբանի խոսքով՝  արդարաության հասնելու միակ ճանապարհը կլինի քաղաքացիական հայց ներկայացնել , չնայած հույս չկա, որ Շվեդիայում  այս գործն արդար ավարտ կունենա. «Շվեդիան չի ցանկանում  պատասխանատվություն կրել Դավիթ Բարսեղյանի մահվան համար, քանի որ մեղքն ընդունելու դեպքում շատ հետեւանքներ կլինեն»:

Եթե Շվեդիայի դատարանում էլ հաջողության չհասնեն, Մարկ Սաֆարյանի խոսքով դիմելու են  Եվրոդատարան:

Փաստաբանի  խոսքով՝ Դավիթ Բարսեղյանի մահը քննելու համար  պետք է եւս մեկ՝ անկողմնակալ մարմին ստեղծվեր: Մինչդեռ հայ քաղաքացու մահվան գործը քննել է  ոստիկանությունը, որը մեղադրվում է քաղաքացու մահվան համար:  Սա մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածին դեմ է, որն արձանագրվել է նաև Մեծ Բրիտանիայի դեմ երկու քաղաքացիների  գործի վճռում:

Սոնա Դավթյան