Այս տարի Շնորհալիների «Իզաբել» կենտրոնը անցկացրեց «100 շնորհալիներ 100-ամյա տարելիցին» խորագրով իր 11-րդ հանրապետական փառատոն-մրցույթը` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Կենտրոնի հիմնադիր տնօրեն Մարիետա Ավագյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ նախապատրաստական աշխատանքները սկսել էին դեռևս նախորդ տարվա դեկտեմբերից: Փառատոնի բացումը տեղի է ունեցել ապրիլի 8-ին: Փառատոնն անցկացվել է նաև Արմավիրի և Տավուշի մարզերում:
«Ես ապշած եմ մի հանգամանքով. փառատոնին մասնակցում էին 10-20 տարեկան 350 պատանիներ և աղջիկներ: Ծրագրում ընդգրկված էին երգ, պար, ասմունք և երաժշտական մրցույթներ: Ծրագրի համար պարտադիր պահանջ էր նաև ներկայացնել Կոմիտասի ստեղծագործություններից: Ես ապշել էի, երբ հաշվեցի առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած երեխաների թիվը: Մրցանակակիրները 100 հոգի էին: Սա ի վերուստ տրված բան էր»,-նշեց բանախոսը:
Անդրադառնալով սահմանամերձ գյուղերում մրցույթի մասնակիցների արձանագրած արդյունքներին` բանախոսն ընդգծեց, որ առավելապես ցնցված է կերպարվեստի ոլորտում Տավուշի մարզում մասնակիցների ցուցաբերած ակտիվությունից:
Փառատոնի վերջնական արդյունքները կամփոփվեն մայիսի 21-ին, մրցույթի գալա համերգի ժամանակ: