Շաբաթ օրը Շուշիում բացվել է «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանը:
Հանդիսավոր բացմանը ներկա է եղել Արցախում Ֆրանսիայի օրերի կապակցությամբ ժամանած 200- հոգանոց պատվիրակությունը` Ֆրանսիայի մի քանի քաղաքների ղեկավարներ, Ֆրանսիայի խորհրդարանի անդամներ:
Բացմանը ներկա են գտնվել նաև Արցախի ղեկավարության բարձրաստիճան ներկայացուցիներ` Արցախի նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Եռահարկ կրթօջախը զբաղեցնում է շուրջ 4050 քմ մակերես, կառուցվել է ֆրանսիական նմանատիպ մասնագիտական կրթօջախների օրինակով` հատուկ մասնագիտական հանձնաժողովի խորհրդատվությամբ: Ուսումնարանի նախագծի հեղինակն է ճարտարապետ Ալեն Դարոնյանը: Ծրագրի իրականացման գործում առանցքային է եղել ծրագիրը համակարգող, Ֆրանսիայի Հայկական հիմնադրամի անդամ և «Եզնիկ Մոզյան» արհեստագործական դպրոցի հիմնարկի փոխնախագահ Ռոբերտ Այդաբիրյանի դերը:
«Մեր մորեղբոր` Եզնիկ Մոզյանի երազած արհեստագործական դպրոցի բացումը ամենամեծ հատուցումն է տարիների մեր անխոնջ ջանքերի: Դպրոցն իր հիմնադրման առաջին իսկ տարին ընդունել է 70 աշակերտի: «Եզնիկ Մոզյան» հաստատությունն իր հովանավորների ու երիտասարդ տնօրինության օժանդակությամբ կպատրաստի արհեստավարժ և որակյալ մասնագետներ, որոնց շնորհիվ և մասնակցությամբ քաղաքներն ու գյուղերը կշարժվեն դեպի կայուն ապագա: Նոր տեխնոլոգիաների գործածումը, նորարարական մոտեցումների կիրառումը և ընդհանուր դրական միջավայրն իրենց անդրադարձը կունենան բնակչության տարբեր շերտերի վրա»,-ասել է Ռոբերտ Այդաբիրյանը:
Հանդիսության ավարտին Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը Ռոբերտ և Հերմինե Այդաբիրյաններին շնորհել է Շուշիի Պատվավոր քաղաքացու վկայագիր:
Հեղինակները նախատեսում են, որ ուսանողների թիվը շուտով կհասնի 450-ի. այստեղ վերապատրաստում կարող են անցնել շատ մասնագետներ: