Բազմաչարչար էր թե օրինագիծը և թե դրա դեմ համառորեն պայաքարող խավը: ԱԺ-ում քննարկվող «Շրջանառության հարկի» օրենքի նախագծի մասին քննարկումների ժամանակ նման կարծիք հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը։
«Այսօր մենք ունենք օրինագծի մի տարբերակ, որի գաղափարախոսությունն էապես տարբերվում է նախկինից: Պետք է հաշվի առնել, որ մենք գործ ունենք մի խավի հետ, որը հատկապես հայաստանյան պայմաններում ամենախոցելին է տնտեսվարողների առումով: Եթե հիմա մենք սխալ ճանապարհով գնանք և վնասենք այս խավը, ապա մեծ վնաս կհասցնենք մեր երկրի տնտեսությանը»,-իր խոսքում նշեց պատգամավորը:
Վերջինս ներկայացրեց նաև մի քանի դիտողություն նախագծի վերաբերյալ: Որպես դրական կողմ, Մարգարյանը կաևորեց փաստաթղթավորման համար կամավոր մոտեցումը, որի համաձայնˋ գործարարն ինքն է ընտրում՝ վճարել 1 % հարկ և փաստաթղթավորման անցնել, թե՞ վճարել 5 %՝ առանց փաստաթղթավորման: Պատգամավորի դիտարկմամբˋ բացասականը, փաստաթուղթ չներկայացնելու դեպքում՝ հարկը 3.5 %-ից 5 %-ի հասցնելն է:
«Ստվերի դեմ պայքարը լավ բան է, բայց այն պետք է չլինի ՓՄՁ-ների հաշվին, ուստի մենք կհետևենք ժողովրդի արձագանքին, եթե նրանք չբողոքեն՝ մենք էլ կողմ կլինենք»,-նշեց պատգամավորը:
Վերջինս խմբակցության անունից հայտարարեց, որ ԲՀԿ-ն դեռևս վերջնական որոշում չի կայացրել, և իր դիրքորոշումը կհայտնի վաղըˋ ԱԺ քննարկումից հետո:
Վարդուհի Ստեփանյան