ՀՀԿ-ն համապետական եւ տարածքային ընտրացուցակներով առաջադրել էր մի շարք մականունավոր պատգամավորների: Նրանց մեծ մասը խորհրդարանում տեղ կունենա, մի մասը՝ ոչ:
5 տարի շարունակ խորհրդարանում լռած, բայց միջանցքներում «ակտիվ», բարդ շարահյուսական մտքեր չարտահայտող Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, ապագա խորհրդարանում տեղ չի ունենա: Նա ռեյտինգային ցուցակով առաջադրվել էր Արմավիրի մարզից:
Գեղարքունիքի մարզից ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Հակոբ Հակոբյանը՝ Թունելի Հակոբը, եւս դուրս մնաց խորհրդարանից:
Կոտայքի մարզից պատգամավորի թեկնածու առաջադրված բնապահպանության նախկին նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանը, ով հայտնի է Բուլկի Արամ մանակունով, այդպես էլ ԱԺ-ում ներկայացված չի լինի: Նա պարտվել է նույն ընտրատարածքում առաջադրված ՀՀ վարչապետի խորհրդական Սամվել Սանամյանին ու Անդրանիկ Հարությունյանին:
Տավուշի մարզում ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Հակոբ Հակոբյանը՝ Պիվի Հակոբը, եւս խորհրդարանում ներկայացված չի լինի: Հակոբյանը հինգ տարի եղել է ԱԺ պատգամավոր, սակայն չի փայլել օրենսդրական նախաձեռնություններով:
Այդուհանդերձ, ՀՀԿ-ն մականունավոր պատգամավորների պակաս չի ունենա: ԱԺ-ում «օրենսդրական» գործունեությամբ կզբաղվեն Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը, Ֆազի ընկեր Արման Սահակյանը, Հարություն Կարապողոսյանը՝ Սնխչի Հարութը, Լֆիկ Սամոն, ՍԱՍ-ի Արտակը, Նովոն, Դերժավայի Արկադին:
Ինչ վերաբերում է համապետական ցուցակին, ապա այստեղ եւս մականունավորների թիվը զգալի է: Խոսքը Կարեն Ավագյանի՝ Փուչիկ Կարենի, Արտաշես Գեղամյանի՝ Դհոլի, Հերմինե Նաղդալյանի՝ Բիզնես լեդիի մասին է:
Փայլակ Ֆահրադյան