տուն Լուրեր Շիրակում ատամնաբույժները բողոքի ակցիա են արել

Շիրակում ատամնաբույժները բողոքի ակցիա են արել

116
0

Շիրակի մարզում գործունեություն ծավալող ատամնաբույժներն այսօր  բողոքի ակցիա են իրականացրել Շիրակի մարզպետարանում: Մարտի 4-ին Գյումրու բժշկական կենտրոնի նիստերի դահլիճում Շիրակի մարզի 70-ից ավելի ատամնաբույժների արտահերթ հավաքի շրջանակներում քննարկվել է  կառավարության 2017 թ. օգոստոսի 24-ի 1033 -Ն որոշումը (https://www.e-gov.am/gov-decrees/item/29133/ ), որն ուժի մեջ կմտնի մարտի 6-ից:

Հիշյալ որոշման նպատակը, ըստ կառավարության, այն է, որ սահմանվեն  էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրմանն ուղղված դրույթներ հանրապետությունում դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորման կարգերում` ապահովելով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս ավելի արագ և պարզ ընթացակարգ:

Մինչդեռ ատամնաբույժները պնդում են` նախ, կառավարությունը որոշում կայացնելուց առաջ քննարկում չի կազմակերպել մասնագետների հետ, բազմաթիվ խնդրահարույց հարցեր կան, որոնց, ատամնաբույժների կարծիքով, պետք է պատասխանի ՀՀ առողջապահության  նախարարությունը:

Բացի այդ, ներդրված համակարգի մասին պատշաճ չեն իրազեկվել, չեն ներկայացվել դրական ու բացասական կողմերը:

Բողոքի ակցիայի մասնակիցները համարում են, որ  կառավարության որոշումը թերի է եւ չի բխում առողջապահության կազմակերպման շահերից եւ, ըստ նրանց, ամենակարեւորը՝ վտանգվում է անձնական տվյալների գաղտնիության պաշտպանությունը:

Ըստ այցելությունների` ատամնաբուժարանները  պետք է ներդրված համակարգի համար կատարեն վճարումներ՝ 7500-20.000 դրամի սահմաններում:  Համակարգ, որում առկա են իմաստային և ծրագրային  թերություններ և բացթողումներ: Սա ենթադրում է պահել նոր աշխատակից, նրան աշխատավարձ վճարել եւ այլն…

Տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Ստոմատոլոգներին նաև պարտադրվում է անել բազում հավելյալ ծախսեր (համակարգիչ, աշխատող, ծրագրային սպասարկում և այլ), որն անխոս անդրադառնալու է նաև ծառայության արժեքի վրա, այն դեպքում, երբ Շիրակի մարզը ՀՀ-ում ունի ամենաբարձր աղքատության ցուցանիշը: Կարծում ենք, որ նմանատիպ ծրագիրը պետք է ներդրվի բացառապես առողջապահության նախարարության բյուջեի հաշվին և տրամադրվի բժշկական հաստատություններին բացարձակ անվճար, և որին միանալը պետք է լինի փոխշահավետ և կամավոր հիմունքներով»:

Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Մեսրոպ Բզնունին հայտարարեց, որ իրեն զարմացրել է ատամնաբույժների բողոքը հենց Շիրակի մարզպետարանի դիմաց, քանի որ խնդրի հետ կապված մարզպետարանն անելիք չունի: Սակայն արդարացի է համարում բժիշկների դժգոհությունն այն առումով, որ վերջնաժամկետ սահմանվել է մարտի 6-ը, եւ փաստացի չեն հասցնի ներդնել էլեկտրոնային համակարգը:

Բզնունին առաջարկեց միասին քննարկել, կառավարությանն ուղղվելիք նամակի վրա աշխատել, ճիշտ ձեւակերպումներով այն հասցեագրել գործադիր մարմնին:

Հարցին, թե ինչո՞ւ առողջապահական հիմնարկները պատշաճ եւ ժամանակին տեղյակ չեն եղել, Մեսրոպ Բզնունին նշեց, որ դեռ անցյալ տարվանից է հայտարարվել, որ դեղատները եւ բժշկական սպասարկում իրականացնող ոչ պետական հաստատությունները պետք է անցնեն էլեկտրոնային համակարգի ներդրման: Ցանկացած բժշկական միջամտություն պետք է ներդրվի էլեկտրոնային բժշկական համակարգ:

Ատամնաբույժները դիմում էին հասցեագրել ինչպես Շիրակի մարզպետին, այնպես էլ  կառավարության ղեկավարին: Առաջիկայում հնարավոր է առողջապահության նախարարությունից այց կազմակերպվի Գյումրի՝ բարձրաձայնված խնդիրները քննարկելու համար: