Շիրակի մարզի դատախազությունում այսօր կայացած ասուլիսի ընթացքում դատախազ Կարեն Գաբրիելյանն անդրադարձել է նաեւ Գյումրու բուհերում հարուցված քրեական գործերին: Ըստ դատախազի, ՇՊՀ-ում հարուցված քրեական գործով կա ներգրավված մեղադրյալ անձ:
«Բայց այս փուլում գործը գտնվում է ապացույցների հավաքագրման փուլում: Այս քրեական գործի ձգձգումն ինձ էլ է մտահոգում: Ձգձգման հիմնական պատճառը մասնագիտական ստուգման եւ փորձագիտական եզրակացության արդյունքներն են: Ես պատրաստել եմ հիշեցումներ համապատասխան մասնագետների համար, որ հնարավորինս արագացնեն գործընթացը: Այս քրեական գործում արդեն իսկ կան տվյալներ, որոնք հնարավոր է հիմք հանդիսանան որոշակի անձանց մեղադրանք առաջադրելու համար: Ես չեմ ուզում շտապողականություն դրսեւորել, երբ կստանանք համապատասխան ակտերը, համապատասխան գնահատական չկտանք: Այստեղ հապաղելու բան չկա: Ծավալով շատ մեծ քրեական գործ է, 27 հատոր, յուրաքանչյուրը 300-ից 400 թերթից է կազմված: Կա հատուկ քննչական խումբ, որն աշխատում է այս գործի օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու համար»:
Երրորդ ԲՈւՀ-ը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղն էր: Ըստ դատախազի, այս հաստատությունում եւս չարաշահումներն առկա են: «Քրեական գործը հարուցվել է կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության, ինչպես նաեւ պաշտոնական դիրքի չարաշահման, յուրացման հատկանիշներով: Այս գործով եւս վստահեցնում եմ, որ կունենանք կոնկրետ անձի մեղադրանք ներկայացնելու հիմքերը»:
«Որեւէ մեկին ոչինչ չի ներվելու»,-վստահեցրեց Շիրակի մարզի դատախազը: