տուն Լուրեր Շիրակի մարզպետը՝ ատամնաբույժների բողոքի մասին

Շիրակի մարզպետը՝ ատամնաբույժների բողոքի մասին

78
0

Լրատվամիջոցներն այսօր տեղեկացրել են, որ Շիրակի մարզի ատամնաբույժները բողոքի ակցիա են արել: Նրանք դժգոհում են էլեկտրոնային առողջապահության համակարգից: Ատամնաբույժները վստահեցնում են՝ այս համակարգի պատճառով կթանկանան ատամնաբուժական ծառայությունները, քանի որ  յուրաքանչյուր ատամնաբույժ հավելյալ 1 մլն դրամ ծախս պետք է անի: Ատամնաբույժներին լսել են նաև  Շիրակի մարզպետարանում:  Araratnews.am-ը զրուցեց  Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի հետ՝ հանդիպման արդյունքների մասին:

Պարո՛ն Խաչատրյան, Շիրակի մարզի ատամնաբույժների հետ  ի՞նչ քննարկեցիք: Ընդունելի՞ է Ձեզ համար նրանց մտահոգությունը:

Խնդիրը մարզպետարանի լիազորությունների հետ կապ չունի: Հասցեատերը մենք չենք:  Բողոքի մասին կտեղեկացնենք առողջապահության նախարարությանը:

Իսկ ատամնաբույժների մտահոգությունն ընդունելի՞ է Ձեզ համար:

Մտահոգությունների մի մասին համաձայն եմ, մի մասին՝ ոչ այնքան: Իմ անձնական կարծիքը չեմ ուզում ասել:

Ըստ Ձեզ՝ ատամնաբույժների բողոքի ակցիան արդյունք կտա՞, եթե կառավարությունը էլեկտրոնային առողջապահության  համակարգի ներդրման ջատագովն է: 

Կապրենք, կտեսնենք: Մենք բողոքողների նամակը կփոխանցենք առողջապահության նախարարություն:

Որպես քաղաքացի՝ մտավախություն չունե՞ք, որ ատամնաբուժական ծառայությունների գները կբարձրանան: 

Դա թուղթ ու գրչով  պետք  է հաշվարկել՝ քանի ատամնաբույժ կա, ինչքան հաճախորդ է ընդունում, ինչքան գումար է վերցնում:

Առողջապահության նախարարությունը էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումից առաջ  մարզպետարանի  առողջապահության և սոցիալական ապահովության վարչության  մասնագետների հետ քննարկում արե՞լ է:

Խորհրդակցություններ եղել են: Ակնհայտ է, որ էլեկտրոնային առողջապահության համակարգի պլյուսները շատ են, քան մինուսները: Համակարգի շնորհիվ կհասկանանք առողջապահության համակարգի ծավալները:

Իսկ մինուսնե՞րը:

Որոշակի մտահոգությունների մասին խոսել ենք: Դրանք աշխատանքային խորհրդակցություններ են, որոնք հրապարակման ենթակա չեն:

Սոնա Դավթյան