տուն Լուրեր Շիրակի համալսարանում ռեկտորը գրքերի սպանդ է կազմակերպել (տեսանյութ)

Շիրակի համալսարանում ռեկտորը գրքերի սպանդ է կազմակերպել (տեսանյութ)

130
0

Շիրակի պետական համալսարանի դասախոսներ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձան Շիրակի պետական համալսարանում տիրող վիճակին: Նրանց խոսքով՝ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի կոպտագույն խախտումներ են  տեղի ունենում համալսարանում: Անիմաստ շինարարության համար գումարներ են դուրս գրվել համալսարանի ֆոնդից,  որոնց պատճառով համալսարանը հայտնվել է ծանր վիճակում: Գագիկ Համբարյանը մանրամասնեց՝ համալսարանի ռեկտորը որոշել է մասնակցել Համաշխարհային բանկի գրանտային ծրագրին եւ համալսարանի բյուջեից դուրս գրել 118 մլն դրամ՝ համալսարանի դահլիճը վերանորոգելու համար: «Բուֆետի վերանորոգման համար 25 մլն դրամ է դուրս գրվել, սա այն դեպքում, երբ ռեկտորները խնայողություններ են անում»,-  տեղեկացրեց նա:

Գագիկ Համբարյանն ասաց, որ հեռակա եւ ստացիոնար ուսուցումը  ռեկտոր Սահակ Մինասյանը միացրել է իրար՝ դասախոսներին չվճարելու համար: Խախտումներից մեկն էլ այն է, որ համալսարանի դասախոսներից ոչ մեկը պայմանագիր չի ունի, որը եւս օրենքի խախտում է:

Բանախոսների կարծիքով՝ զավեշտ է, որ համալսարանի վարչական կազմը բարձր աշխատավարձ է ստանում՝յուրաքանչյուրը 200-300 հազար դրամ, մինչդեռ դասախոսների աշխատավարձը 50-60 հազար դրամ է:

Դասախոսներն օրեր առաջ բաց նամակով դիմել էին Սերժ Սարգսյանին ու Կարեն Կարապետյանին եւ բարձրաձայնել խախտումների մասին: Դրանից հետո համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը, դասախոսների տեղեկացմամբ, գիտխորհրդի նիստում հայտարարել է՝ կրթական գործընթացն ամբողջությամբ պետք է փոխվի:

Araratnews.am-ի հարցին՝ դասախոսներն ի՞նչ են ակնկալում Սերժ Սարգսյանից ու Կարեն Կարապետյանից, եթե Սահակ Մինասյանը բազմիցս հայտարարել է՝ հովանավորներ ունի Բաղրամյան 26-ում եւ ինչ ուզի` կարող է անել: Գագիկ Համբարյանն ասաց, որ թեեւ Սահակ Մինասյանը հերքում է հովանավորներ ունենալը, բայց այդ հայտարարությունն արել է ամբողջ կոլեկտիվի առաջ: «Ուզում եմ հավատալ, որ իրոք պարոն Սարգսյանը կկարողանա պատժել մեղավորներին»,- ասաց Գագիկ Համբարյանը:

Մեր մյուս հարցին՝ ինչո՞ւ է միայն երկու դասախոս բարձրաձայնել այս խնդրի մասին, իսկ մյուս դասախոսները լռում են, Գագիկ Համբարյանն ասաց, որ կան բազմաթիվ բողոքավորներ, որոնք դժգոհ են համալսարանի վիճակից, բայց աշխատանքը կորցնելու վախից չեն համարձակվում բարձրաձայն դժգոհել: «Բացի այդ, մեր բողոքին միացողները կթուլացնեին մեր պայքարը, քանի որ գուցե մեզ միացողների թիկունքում մարդիկ լինեին: Մինչ օրս Սահակ Մինասյանը մեր թիկունքում հովանավորներ է փնտրում, որոնք չկան: Սահակ Մինասյանը չի հավատում, որ կան համալսարանի ապագայի համար պայքարող մտավորականներ»,- ասաց Հովհաննես Խորիկյանը:

Սա դեռ ամենը չէ: Համալսարանի գրադարանի գրքերի մի մասը ոչնչացվել է Սահակ Մինասյանի նախաձեռնությամբ, որպեսզի գրադարանի մի մասը  Սահակ Մինասյանը գրախանութ դարձնի: «Այսպիսի գրքեր սպանդ ես չեմ տեսել»,- ասաց Գագիկ Համբարյանը:

Մանրամասները՝ տեսանյութերում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ