տուն Լուրեր Շատինում կշարունակեն պայքարն ընդդեմ գործող համայնքապետի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շատինում կշարունակեն պայքարն ընդդեմ գործող համայնքապետի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

149
0

Վայոց ձորի մարզի Շատին համայնքում համաժողովրդական ընդվզումը նոր թափ է առնում: Araratnews.am-ը նախկինում անդրադարձել է խնդրին: Խոշորացված Եղեգիս համայնքի կենտրոնում բնակիչները շարունակում են պահանջել ՀՀԿ-ական համայնքապետ Արթուր Ստեփանյանի հրաժարականը՝ հիմնավորելով, թե վերջինս անօրինական ճանապարհով է եկել իշխանության: Նախորդ օրերին ավագանու անդամները ներկայացրել են համայնքապետարանի հաստիքացուցակը, որում եղած հաստիքներից շատերի մասին բնակիչները երբևէ չեն լսել: Նրանք նաև պահանջում են համայնքում մանկապարտեզ կառուցել, որի շինարարական աշխատանքները սկսվել էին նախկին համայնքապետ Տիգրան Խուդոյանի ղեկավարման ընթացքում: Հուլիսի 5-ին Շատինում բողոքի ակցիայի ժամանակ ավագանու անդամ Նորայր Մարտիրոսյանն անդրադարձավ համայնքապետի՝ աշխատանքի չգալուն. «Էս մարդը հաստատում է իր այն խոսքերը, որ շատինցիներին տանել չի կարողանում, այլապես այս 20 օրվա ընթացքում գոնե մի անգամ մեր կողքին կլիներ: Մենք այս օրն օգտագործում ենք ևս մեկ անգամ հշեցնելու Ստեփանյան Արթուրին, որ ՀՀ-ում բարձրագույն արժեքը մարդն է»:

Շատինի նախկին համայնքապետ Տիգրան Խուդոյանը իր ելույթում նշեց, որ հավաքի մասնակիցներին գյուղի ներկայիս իշխնությունները հնարավորինս փորձում են վարկաբեկել. «Ասում են՝ մեր վրա էս ինչ մարդը գործ տվեց, դիմում գրեց, բայց պիտի հիշեցնեմ նրանց, որ տարիներ շարունակ իրենք են զբաղվել դրանով, միլպետը իրենցն է եղել, գործ տվողը, դատախազը ու մինչև հիմա էլ իրենցն է: Ուզում եմ հիշեն, որ նոր Հայաստանում մարդիկ խնդիրները բարձրաձայնում են ու իրենց արդարացի իրավունքները պաշտպանում են, և դա չի նշանակում «գործ տալ»: Այդ գործելաոճը հակասում է ՀՀ նոր իշխանությունների գործելաոճի տրամաբանությանը»:

Դեռևս 2017թ. աշնանը Շատինում ՏԻՄ ընտրությունների օրերին մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Արթուր Ստեփանյանը Եղեգնաձորի նախկին քաղաքապետ, ներկայումս Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանի հովանավորյալն է: Տիգրան Խուդոյանն իր ելույթում նշեց, թե օրերս իրեն զանգահարել են և տեղեկացրել, որ վերջինս գործող համայնքապետին այլևս չի աջակցում. «Օրեր առաջ ինձ զանգում է մի մարդ, ասում է՝ Մարտրիոսյան Ավետն ասել է՝ Տիգրանը թող էլ անունս չհնչեցնի, Արթուրն ինձ այլևս չի հետաքրքրում: Գուցե հավատամ, որ այլևս գործ չունես, բայց չէ՞ որ ունեցել ես, ու այս խցանումը, որ ստեղծվել է, նաև քո մեղքով է»: «Գեղաստղ» ծրագրի կազմակերպչական գծով տնօրեն Տիգրան Եղոյանն էլ իր հերթին նշեց, թե տեղեկություններ ունի, որ Ավետ Մարտիրոսյանը պահածոների գործարան ունի, կառուցում է հյուրանոց, Երևանում ունի մի քանի բնակարան. «Ես ձեր առջև ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ավետ Մարտիրոսյանը չի կարող ահաբեկել այս հզոր ժողովրդին, իր իրավունքը պաշտպանող ժողովրդին»: Նա խոստացավ նաև հաջորդ հանրահավաքին սկանդալային բացահայտումներ անել Եղեգիս խոշորացված համայնքի ներկայիս ղեկավար կազմի հովանավորյալների մասին:

Տիգրան Խուդոյանի խոսքով՝ Արթուր Ստեփանյանի անձը «երկատված է», քանի որ նրան կարող են հեշտությամբ ստիպել ասել մի բան, հետո մեկ այլ բան. «Արթուրը լուրջ կապանքներով կապված է, նրա անձը եռատվել, քառատվել է, առանց մեր օգնության նա այս բանդայի ձեռքից չի պրծնի: Նա որպես շարժական կապիտալ, որպես քաղաքական կապիտալ ունի մի քանի փայատեր, բայց 50+1 փաթեթը ուրիշի ձեռքում է գտնվում, վատ են հասկանում, որ էդ կապիտալն էսքան քաշքշելով այն կգնա ինքնաոչնչացման, բայց ամենաշատը պիտի Արթուրը հասկանա»:

Տիգրան Խուդոյանը վստահեցնում է, որ կրկին համայնքապետ դառնալու ցանկություն չունի և ժողովրդի պայքարին է միացել հանուն արդարության վերականգնման: Նա հավելեց, որ նախկին մարզպետը, ոստիկանապետը «վերևներին» զեկուցում են, թե ինքն է մեղավոր Շատինում ստեղծված իրավիճակի համար. « Դուք ունեք պահանջ՝ «Արթուր, հեռացիր», ես միացել եմ ձեզ: Մենք ունենք պահանջի հիմնավորում, ես ձեր կողքին կլինեմ այնքան, ինչքան որ դուք ցանկություն կունենաք: Ես համայնքի ղեկավար չեմ ուզում դառնալ, ես հոգնել եմ, նպատակս դա չի: Մարդ այսքան էներգիա չի ծախսի ղեկավար դառնալու համար, ես այս համայնքում եմ ծնվել»:

Բնակիչները չեն պատրաստվում դադարեցնել բողոքի ակցիան: Նրանք պայքարելու են մինչև համայնքապետը որոշի հրաժարական տալ: Այս պահին պատրաստվում են մեծ հանրահավաքի:

Մանրամասները՝ տեսանյութում: