Այս պահին Վայոց Ձորի մարզի Շատին համայնքի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում գյուղի կենտրոնական հատվածում: Գյուղաբնակները պահանջում են, որ մարզային իշխանությունները եւ խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի միջեւ դեռեւս մեկ ամիս առաջ ձեռք բերված պայմանավորվածությունը կատարվի: Խոսքն այն մասին է, որ նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո մարզի խոշորացված համայնքների ղեկավար է ընտրվել Արթուր Ստեփանյանը, ով ցանկանում է Շատինում գյուղապետի տեղակալ նշանակի այդ համայնքի նախկին ղեկավարներից Մամիկոն Սմբատյանին, մինչդեռ գյուղաբնակները համաձայն չեն:
«ՏԻՄ ընտրություններից հետո կառավարության հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ մեր գործող գյուղապետի տեղակալը լինի մեր համայնքի ներկայացուցիչը, ինքը ձեւավորի այդ աշխատակազմը տեղում:
Հիմա մեկ ամսից ավելի է` ձգձգվում է այդ գործընթացը, ու ոնց հասկանում ենք` չեն ուզում այդ քայլին գնալ, ժողովուրդն էլ ինքնակամ ընդվզում է»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Շատին համայնքի բնակիչներից Նաիրի Դանիելյանը:
Նրա խոսքով` ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Շատինում գյուղապետի տեղակալ պետք է շարունակեր աշխատել Մանվել Կարապետյանը, ով աշխատել է նաեւ Տիգրան Խուդոյանի հետ:
«Մարզպետի, իշխանությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, բայց հիմա ինչ-ինչ պատճառներով ձգձգում, չեն ուզում կազմակերպել: Մարզետը, գործող գյուղապետը չեն ուզում կատարել, ժողովուրդն էլ ինքնաբուխ դուրս է եկել միտինգի, որպեսզի հասնեն իրենց պայմանավորվածության»,- ասաց Դանիելյանը:
Նրա խոսքով՝ Արթուր Ստեփանյանը ցանկանում է Շատինում տեղակալ նշանակել Սմբատյան Մամիկոնին, ով մի շարք աղմկահարույց միջադեպերի կենտրոնում է հայտնվել: Սմբատյանը եղել է Շատինի նախկին գյուղապետներից, եւ ներկայումս, ըստ համայնքաբնակի, նրա հետ առնչվող որոշ չարաշահումների փաստով դատախազությունում հարուցված գործեր կան:
«Ամսից ավելի է` այս հարցը լուծում չի ստանում: Իրանք ուզում են Սմբատյանին նշանակել, ով իրա վրա ունի երեք քրեական գործ, ահագին նյութական, բյուջեից վնասներ է հասցրել, հիմա նրան ուզում են տեղակալ- ինանսիստ նշանակել»,- ասաց գյուղաբնակը:
Շատին համայնքի մեկ այլ բնակիչ էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ ընտրված գյուղապետի թիմակիցները անառողջ մթնոլորտ են ստեղծել համայնքում:
«Մենք հանցագործություն չենք անում, օրենքի սահմաններում մեր իրավունքներն ենք իրացնում, մարդ չենք ծեծում, մեր իրավունքն ենք պաշտպանում: Գյուղում հիմա գիտես ինչ է կատարվում, մոտ 294 հոգի գյուղում դեմ է քվեարկել նախկին գյուղապետին՝ Տիգրան Խուդոյանին, Ստեփանյան Արթուրին են ընտրել մեր հարեւան գյուղի գյուղապետն էր, 780 քանի հոգի էլ Տիգրան Խուդոյանին էր ընտրել, հիմա ամեն օր կռիվ են հրահրում, երիտասարդները կռվում են: Մենք իրենց հետ անհամատեղելի ենք, անարդարություն է տիրում, գալիս են բռնում, երկու հատ խանութ գա, հարձակվում են խանութի աղջիկների վրա եւ ծեծում, հիմա մենք ինքնաբուխ դուրս ենք գալիս բողոքի ակցիայի»,- ասաց Շատին համայնքի բնակիչ Ավետիք Սմբատյանը: