ՀՀ Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց լուծարել պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչությունը:
Վարչության գործառույթները կամրացվեն կոմիտեի աշխատակազմում գործող համապատասխան մաքսատուն-վարչություններին:
«Ներկայացված առաջարկությունը հերթական կարևոր քայլերից մեկն է հանդիսանում ՀՀ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման գործընթացն առավել հեշտացնելու ուղղությամբ»,- կառավարության նիստում ասաց ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Նրա խոսքով՝ նախաբացթողումային հսկողության վարչությունը լուծարելով՝ ՊԵԿ-ը ձերբազատվում է ապրանքների, դրանց ուղեկցող փաստաթղթերի կրկնակի զննության հնարավորությունից:
«Պարո՛ն վարչապետ, համոզված ենք, որ այս առաջարկությունը էական դրական ազդեցություն է ունենալու գործարար միջավայրի վրա»,- նշեց Վ. Միրումյանը:
«Պարո՛ն Միրումյան, ես էլ եմ համոզված, շատ համարձակ, ճիշտ քայլ է, մենք ցուցադրում ենք վստահություն բիզնեսին, մենք սահմանի վրա բիզնեսին տալիս ենք մաքսիմալ ազատ անցնելու հնարավորություն, մենք դրանով ցույց ենք տալիս, որ մեր ՊԵԿ-ն ուժ ունի և համապատասխան հսկողության մեխանիզմներ ունի, որպեսզի եթե այն, ինչ որ պայմանավորվում ենք, խախտվի, հետագայում հայտնաբերվի, շատ լավ բան ա»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Փայլակ Ֆահրադյան