Ժամանակակից հասարակության մեջ մեծ փոփոխության է ենթարկվել ընտանիքի մոդելը. կին-տղամարդ հարաբերությունները ևս փոխվել են: Հաճախ ծագող ընտանեկան կոնֆլիկտները դառնում են ամուսնալուծության պատճառ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը բժիշկ, սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն անդրադարձավ ներընտանեկան կոնֆլիկտների պատճառներին:
Ըստ բանախոսի` կոնֆլիկտի պատճառները բազմազան են: Հաճախ դրանք պայմանավորված են զույգերի մոտ պատասխանատվության բացակայությամբ, որովհետև հաճախ մարդիկ ամուսնանում են՝ շեշտը դնելով շփման կարճ ժամանակահատվածի կամ էլ արտաքին տվյալների վրա և հաշիվ չեն տալիս իրենց, թե արդյոք կարող են ապրել նույն տանիքի տակ տվյալ մարդու հետ:
«Երիտասարդների մոտ պակասել է զիջելու ցանկությունը: Ընտանեկան առաջին իսկ քայլը ոչ ամուր հիմքի վրա է դրվում, որը խախտում է թե ֆիզիոլոգիական, թե հոգեբանական ներդաշնակությունը: Կոնֆլիկտային մթնոլորտի պատճառներից մեկն էլ զույգերի հայացքների բախումն է սեռական կյանքում: Մենք երկար տարիներ խիստ փակ համակարգում ենք ապրել, իսկ հիմա տեղեկատվության հեղեղ է, որը շատ անգամ սխալ կարծիք է ստեղծում ընտանիքի և հարաբերությունների մասին»,- նկատեց բանախոսը` հավելելով, որ շատ դեպքերում անտեսվում են կնոջ սեռական իրավունքները. կինը դառնում է ձայնազուրկ:
Բանախոսն ընդգծեց, որ ամուսնալուծության պատճառը հաճախ դառնում է նաև արտագնա երկարատև աշխատանքը, երբ կինը ստիպված է լինում ընտանիքում գրավել նաև ամուսնու տեղը: Սեքսապաթոլոգի խոսքով` այս դեպքում երեխան ընտանիքում մեկ դերակատար է տեսնում և սա հետագայում երեխաների համար հոգեբանական և սեռական խնդիրների պատճառ է դառնում:
Ըստ մասնագետի` պակաս կարևոր չէ նաև նախաամուսնական ընթացքին պատրաստվելը: Բժիշկը սխալ է համարում այն կարծիքը, որ համացանցում ամեն ինչ կա և կարելի է բոլոր հարցերի պատասխաններն այնտեղ փնտրել, փոխարենը նա խորհուրդ է տալիս ընթերցել համապատասխան գրականություն և դիմել համապատասխան մասնագետի:
Ամուսնալուծությունների հաջորդ պատճառը անպտղությունն է կամ երեխայի ծնունդի ձգձգվելը. «Հաճախ ամուսինները պլանավորում են, որ ամուսնանալուց ինն ամիս հետո երեխա պետք է ունենան, մինչդեռ զույգին ամուսնությունից հետո որոշակի ժամանակ է պետք է իրար ընտելանալու համար: Պետք է համապատասխան միջավայր ստեղծվի, որում էլ արդեն զույգը կորոշի կարող է երեխա մեծացնել, թե` ոչ»,-նկատեց բանախոսը:
Հանդիպման վերջում բանախոսն անդրադարձավ նաև հայ երիտասարդ ընտանիքների` վերջին մի քանի տարիների ընթացքում գրանցած դրական կողմերին: Սեքսապաթոլոգը հատկապես կարևորեց այն հանագամանքը, որ ներկայումս շատացել է այն զույգերի թիվը, որոնք փորձում են օգնել զուգընկերոջը՝ վերականգնելու սեռական ֆունկցիաների խանգարումը, և բժշկի են այցելում երկուսով:
Վարդուհի Ստեփանյան