տուն Լուրեր Շարմազանովը մոլորության մեջ է

Շարմազանովը մոլորության մեջ է

159
0

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը թեև հայտարարում է, թե չի ցանկանում մեկնաբանել ԱԱԾ-ի գործողությունները, սակայն հորդորում է նոր կառավարությանը, որ ոչ թե անձերի դեմ պայքար մղվի, այլ երևույթների: Շարմազանովը հավանաբար փորձում է մանիպուլյացիա անել, մոռանալով, որ գեղեցիկ մտքերով քաղաքացիներին շփոթմունքի մեջ գցելու դարաշրջանն անցել է Սերժ Սարգսյանի հրաժարականով:

Հիմա նկատենք, որ Շարմազանովի ասած անձերն այդքան էլ անձեր չեն, չհաշված նրանց ֆիզիկական էությունը: Անձերն այդ իրենցով մեկ երևույթ են:

Հիմա գանք անձերին, որոնք անձ լինելուց բացի երևույթ են՝ քրեական երևույթ: Մանվել Գրիգորյանը, լինելով անձ, մեկը միլիոններից, մարմնավորում է օդիոզ գեներալիտետի, բանակը թալանող գեներալի, հայրենասիրության անվան տակ զինվորին կեղեքելու երևույթը: Եվ եթե երկրում իշխանություն չփոխվեր, այս երևույթը, որի վառ օրինակ է Մանվել Գրիգորյանը, չէր բացահայտվելու: Ստացվում է, որ որքան էլ Մանվել Գրիգորյանը ֆիզիկական անձ է, իր մեջ երևույթ է պարունակում, որի մասին, ցավոք, չի գիտակցում կամ, որ ավելի վատ է՝ գիտակցում է, բայց փորձում է Շարմազանովն ուշադրությունը շեղել:

Մեկ այլ անձ, որի շուրջ մի ամբողջ քրեական երևույթ կա, Վաչագան Ղազարյանն է, այսպես կոչված՝ Սերժի Վաչոն: Մեկ գիշերվա մեջ պարզվեց, որ Սերժ Սարգսյանի «ախռաննիկ» Վաչագան Ղազարյանը 4 միլիոն դոլար ապօրինի գումար ունի: Ի՞նչ է սա, եթե ոչ երևույթ: Վաչագան Ղազարյանն իր մեջ ամփոփում է «ախռաննիկի» այն կերպարը, որը շեֆին տարատեսակ քրեական ծառայություններ մատուցելով՝ կարողացել է օրենքի վրա թքած ունենալով ապօրինի հարստանալ: Վաչագան Ղազարյանը շատ ժամանակ ինքն էր որոշում,  թե ով իրավունք ունի այս կամ այն ապրանքը ներմուծել Հայաստան կամ արտահանել Հայաստանից, կամ՝ ով կարող էր սրճարան ու կինաթատրոն ունենալ: Ինքը՝ Վաչոն այն երևույթն է, որը տարիներ շարունակ ասում էր՝ «օրենքը մեր ձեռն ա, ինչ ուզենք՝ կանենք»:

Առաքել Մովսիսյան անուն-ազգանունով հայտնի Շմայսը, օրինակ՝ տարիներ շարունակ Ազգային ժողովի դահլիճում հայհոյում էր ընդդիմադիր պատգամավորներին, որոնք կհամարձակվեին թթու խոսք ասել Սերժ Սարգսյանի հասցեին: Այդ ծառայությունների համար Շմայսն իրավունք էր ունեցել ապօրինի զենք-ռազմամթերք պահել: Առաքել Մովսիսյան անձն իր մեջ ամփոփում էր հայկական քաղաքականության մեջ առկա քաղաքական խուժանությունը: Արդարության դեմ չմեղանչելու համար ասենք, որ Մովսիսյանը կարծես թե քավում է մեղքերն ու զենքը զենքի հետևից հասցնում է ԱԱԾ՝ մեկ- մեկ չմոռանալով նոր իշխանություններին փառք տալ:

Հավանական է, որ առաջիկայում ականատես կլինենք նոր ձերբակալությունների, նոր երևույթների, որոնց դեմ ՀՀԿ-ն կփորձի ընդդիմանալ: Կրկին կհորդորեն զբաղվել երևույթներով և ոչ թե անձերով: Բայց անձերն են, որ ստեղծում են այդ երևույթը և հենց նրանց չեզոքացնելով կարելի վերացնել արատավոր այն երևույթները, որոնց հիմքը դրել և 10 տարի օգտվել է Սերժ Սարգսյանը: Անձերի և երևույթների տարանջատման այս բառախաղում Շարմազանովը մոլորության մեջ է:

Հարություն Մկրտչյան