Aysor.am-ը գրում է.
Հենց բարձրախոսը կվերցնեմ քովս, հայերենս կմոռնամ, դրա համար ֆրանսերեն պիտի խոսիմ։ Այսպես սկսեց իր խոսքը աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր անունը կրող՝ «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին խոսելիս։
«Ինձ համար մեծ պատիվ ու ուրախություն է այսօր լինել այստեղ և ստանալ տուն-թանգարանի բանալիները։ Շնորհակալ եմ ձեր շռայլ նվիրաբերության համար։ Վստահությամբ և մեծ հանգստությամբ եմ կայացրել այս որոշումը և որդուս՝ Նիկոլա Ազնավուրի հետ հիմնել «Ազնավուր» հիմնադրամը, որը պետք է շարունակի դեռևս 1988 թվականին մեկնարկած իմ բարեգործական գործունեությունը», — ասաց Շառլ Ազնավուրը։
Երևանում՝ Կասկադ համալիրի հարևանությամբ, դեռևս 2011 թվականին էր տեղի ունեցել Շառլ Ազնավուրի կեցավայրի բացման արարողությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և Շառլ Ազնավուրի մասնակցությամբ։
Իսկ այսօր արդեն հանդիսավոր արարողությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Շառլ Ազնավուրին հանձնեց կեցավայրի խորհրդանշանական բանալին։
Շանսոնյեն ասաց, թե Հայաստանի և սփյուռքի բոլոր հայերը պետք է միավորեն իրենց ջանքերը՝ Հայաստանում ստեղծելու այնպիսի կենսակայուն ծրագրեր, որպեսզի հայ երիտասարդները հնարավորություն ունենան իրենց երազանքներն իրագործելու Հայաստանում՝ հարազատներով շրջապատված։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս նախագծի բոլոր աջակիցներին՝ նախագահ Սերժ Սարգսյանին, մշակույթի և արտաքին գործերի նախարարություններին, «IdeA» հիմնադրամի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանին և Նուբար Աֆեյանին, ովքեր սատարում են մեր ամեն քայլին այս ճանապարհին», — հայտատարեց Շառլ Ազնավուրը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում: