տուն Լուրեր Շառլ Ազնավուրը մահացել է. Ես մեռնելուց չեմ վախենում, բայց մեռնելու ցանկություն չունեմ

Շառլ Ազնավուրը մահացել է. Ես մեռնելուց չեմ վախենում, բայց մեռնելու ցանկություն չունեմ

165
0

Այսօր 94 տարեկանում մահացել է ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը: Այս մասին հաղորդել է Ֆրանսպրես գործակալությունը:

Այս գարնանը  հաղորդվել էր Ազնավուրի առողջական խնդիրների  մասին: Ապրիլին արտիստը ստիպված էր չեղարկել համերգը Պետերբուրգում՝ երիկամների հիվանդության պատճառով: Այս տարվա մայիսից նա իր տանն ընկնելուց հետո հոսպիտալացվել  էր՝ կոտրելով ուսոսկրը:

Անցյալ տարի տված իր  հարցազրույցներից մեկում, խոսելով ծերության մասին՝ շանսոնիեն նշել էր, թե ծերանալուց չի վախենում, ու հիմա երգեր է գրում հիմնականում 90-ն անց մարդկանց համար:

«Մահն ինձ չի վախեցնում: Լույս աշխարհ գալուց ի վեր գիտակցում եմ, որ դա տեղի է ունենալու: Ես չեմ վախենում, բայց մեռնելու ցանկություն չունեմ»,- ընդգծել էր շանսոնիեն:

Նշանավոր երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924-ի մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։

Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956-ին Փարիզի համերգասրահներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ժո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։

Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային թվով ձայնասկավառակ է վաճառել (180 մլն)։